«Եթե անգամ դա չցանկանայինք Մոսկվայում, ասեինք՝ մեզ վրա ուշադրություն մի դարձրեք, դրանից պարզապես անհնար կլիներ խուսափել: Ինչո՞ւ, որովհետեւ տարօրինակ կլիներ, որ պետությունը, որը մեզ հետ կապված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով, աշխարհագրական հարցերով … այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ, բայց ոչ ամենեւին, որ դա Մոսկվան է ցանկանում, այլ կյանքն է այդպես դասավորվել: Վստահեցնում եմ, որ մեկ այլ երկրում էլ ընտրություններ են անցկացվում, նկատի չունեմ՝ Ավստրալիայում, էլի Մոսկվայի թեման գնում է: Մի մտածեք՝ դա վատ է, թե լավ է, դա օբյեկտիվ իրականությունն է, եւ դա ոչ թե նրա համար է, որ ինչ-որ մարդ այդպես է ցանկացել, այլ պարզապես այլ կերպ հնարավոր չէ: Դրան հանգիստ վերաբերվեք, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը ոչ ոքի չի խանգարում », -ասաց «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովը՝ պատասխանելով մեր հարցին, թե շատ է խոսվում, որ Հայաստանի ներքին քաղաքական հարցերը համաձայնեցվում են Մոսկվայի հետ, առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ի՞նչ համաձայնություններ արդեն կան:
Նա այդպես էլ չհստակեցրեց համաձայնություններ կա՞ն եւ արդյոք իրականությանը համապատասխանո՞մ են լուրերը, թե ԲՀԿ առաջնորդը ՌԴ էր մեկնել՝ իր քայլերը ռուսական որոշակի շրջանակների հետ համաձայնեցնելու՝ կապված Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցի հետ :
«Կարծում եմ, որ ընտրությունները յուրաքանչյուր երկրի ներքին քաղաքական հարցն է»,- ասաց պարոն Կլիմովը՝ պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե հաշվի առնելով մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, փետրվարին նախագահական ընտրությունները կհամապատասխանե՞ն ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին. «Այն արդյունքները, որոնք մեզ ներկայացվում են, ցույց է տալիս, որ համապատասխանում են այդ չափանիշներին: Ի՞նչ կլինի փետրվարին, չեմ կարող ասել, երբ կլինի՝ կտանք մեր գնահատականը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ