Այսօր ԱԺ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի հայտարարություն արեց: Նրա խոսքերով՝ «Ես կարծում եմ, հիմա առավել եւս, բացի ՀՀԿ-ից, մնացած քաղաքական ուժերը պարտավոր են եւ ավելի հակված կլինեն միասնական ծրագիր մշակելու եւ պատրաստվելու առաջիկա պրեզիդենտական ընտրություններին՝ միասնական բազայով, միասնական մոտեցումներով, միասնական ծրագիր ունենալով: Իշխանությունները նպաստում են, որ այդպես լինի: Ես կարծում եմ, որ իշխանությունների տված այս հնարավորությունը մենք պարտավոր ենք օգտագործել եւ միասնական ձեւով միասնական քաղաքական բլոկ ստեղծել եւ մասնակցել պրեզիդենտական ընտրություններին»:
Լրագրողների հարցին՝ սա նշանակում է, որ միասնական թեկնածո՞ւ է լինելու՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Առայժմ միասնական թեկնածու ես չասացի: Գոնե միասնական պլատֆորմ, միասնական քննարկումներ, միասնական մոտեցում, որի արդյունքում կարող է միասնական թեկնածուի հարց լուծվել»:
Հարցին՝ եթե առաջիկայում Գագիկ Ծառուկյանն առաջադրվի կուսակցության կողմից, ՀԱԿ-ի դիրքորոշումը ո՞րն է լինելու՝ նա պատասխանեց, որ այդ դիրքորոշումը բազմաթիվ անգամ են ասել. «Սպասեք, օրենքով հատկացված ժամանակում մենք կունենանք մեր հայտարարությունը: Լրագրողները ճշտեցին՝ չի՞ բացառվում միասնական թեկնածու լինի՝ նա ասաց. «Ոչ միայն չի բացառվում, այլեւ ցանկալի է, որ ամբողջ բոյը, ամբողջ քաղաքական դաշտը ունենա միասնական թեկնածու: Մենք ձգտում ենք դրան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ