Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շմայսի եղբոր նախկին թիկնապահի հայտարարությունը

Նոյեմբեր 21,2012 15:33

 

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Արթուր Այվազյանը եղել է ներկայումս ԱԺ պատգամավոր, նախկինում Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերլուծական բաժնի նախկին ավագ սպա Առաքել Մովսիսյանի եղբոր (հայտնի է «Շմայս» մականունով) «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով:

Նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատապարտյալի նոյեմբերի 12-ի թվագրությամբ «Հայտարարություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության»-նամակը ստացվել է այսօր:

Դատապարտյալը տեղեկացնում է, որ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի այս տարվա հոկտեմբերի 22-ի որոշման դեմ փաստաբան, իր պաշտպան Հայկ Ալումյանը բողոք էր բերել:

Խնդիրն առնչվում էր նրան պայմանական վաղաժամկետ ազատելու կապակցությամբ մերժման որոշմանը:

Դատապարտյալն այս տարվա հունիսի 18-ին մի անգամ եւս մերժվել էր:

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Աշոտ Մանուկյան) նոյեմբերի 2-ին կայացրել է ակնհայտ անհիմն ու անօրինական որոշում, առ այն, որ իմ գործը պետք է քննարկվի ՀՀ վարչական դատարանում, այլ ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում»,- հայտնում է կալանավորը:

Ա.Այվազյանի կարծիքով, ՀՀ դատական նախադեպերի համատեքտում նման գործերը քննվում եւ լուծվում են ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Նա նաեւ տեղեկացնում է, որ իր դեմ հարուցված քրեական գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Մարտիրոս Աճեմյանը նույն հիմքով դիմել էր վարչական դատարան:Դատարանը գործն ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ ուղարկել էր Էրեբունի համայնքի ընդհանուր իրավասության դատարան: (Պաշտպանը դարձյալ Հայկ Ալումյանն է-Ռ.Մ.):

Ըստ Ա.Այվազյանի, դատարանը չի ցանկանում արդարադատություն իրականացնել, գործն ուղարկում է այլ դատարանի վարույթ, առաջնորդվելով «քաղաքական պատվերի պահանջներով»:

Ա.Այվազյանը շարունակելու է բողոքարկել, քանի որ գտնում է, որ իր նկատմամբ «արդարադատություն չիրականացնելու հիմքում քաղաքական դրդապատճառներ կան»:

Մեր հեռախոսային հարցին, թե դատապարտյալն ինչո՞ւ է քաղաքական դրդապատճառ փաստարկը իր հայտարարության մեջ անընդհատ հիշատակում, նա պատասխանեց, որ դեռ 2009թ.մայիսի 27-ին լրատվամիջոցներում այդ մասին հայտնել է: Խոսքը, հավանաբար, «Դատապարտյալը հիշատակում է հոկտեմբերի 27-ի մութ ծալքերը» հրապարակման մասին էր:

Մեր տեղեկություններով Այվազյանի գործն ուղարկվել է վարչական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930