Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ

Նոյեմբեր 21,2012 15:13

Չնայած, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը արագաբար մոտենում է, այս թեման, ցավալի է, բայց կարծես թե վրիպել է հասարակության տեսադաշտից և բավական քննարկման առիթ չի դառնում: Հայտնի է, որ ստեղծվել է տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որը սեպտեմբերի 20-ին գումարեց իր II նիստը, և որը նախագահում է Սերժ Սարգսյանը, իսկ քարտուղարությունը վերստանձնել է Ցեղասպանության թանգարանի տնօրենը:

Գիտենք նաև, որ այսօր աշխատանքներ են կատարվել այլ երկրներում տեղական հանձնաժողովներ ստեղծելու կապակցությամբ, նախապատրաստվում է կայքի ստեղծում 7 լեզուներով, ինչպես նաև` փորձագիտական խմբի ձևավորում, որը կգործի հանձնաժողովին կից: Սակայն, դեռևս ամբողջովին հայտնի չէ թե հանձնաժողովը ի՞նչ է ուզում անել, ինչպիսի՞ ռազմավարություն է որդեգրել և ընդհանրապես, շատ քիչ քննարկում կա թե, իրապես, ի՞նչ է պետք անել, այդ թվում նաև լրատվական դաշտում: Հայտնի չէ նաև, թե ինչ ֆինանսավորում կա, կամ հարկավոր է լինելու բոլոր ծրագրերը իրականացնելու համար, և արդյոք արվում են համապատասխան քայլեր` ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

Մենք կփորձենք տալ մեր պատկերացումները, թե ինչ է պետք անել, ոչ միայն պետության, այլ նաև բոլորիս կողմից, ում այս հարցը հետաքրքրում է և հուզում` հուսալով, որ այն կդրդի որոշակի քննարկումների և առաջարկների: Առաջարկում ենք լուրջ աշխատանք երեք հիմնական և միմանց հետ փոխկապակցված ուղղություններով, որոնք հետևյալն են`

  1. Համահայկական քարոզարշավ՝ հավերժացնելու համար անհայտ պատմություններ:

Գրեթե, բոլորիս ընտանիքներում կան շատ տխուր և հուզիչ պատմություններ` թե ինչպես մեր պապի հայրը կամ մայրը կամ նրանց զավակները դարձել են զոհ կամ հրաշքով փրկվել են կոտորածից, կամ ինչպես են տեղահան արվել ու հայտնվել ինչ-որ մի երկրում: Այդ պատմությունները փոխանցվել են մեզ մեր տատերից ու պապերից, մեր ծնողներից, որոշ դեպքերում նաև ընտանեկան ֆոտոալբոմներով, բայց շատերս արդեն մոռանում ենք այդ պատմությունները: Եթե չենք սխալվում, առանձին փորձեր արվել են հավաքելու տարբեր պատմություններ Մեծ եղեռնից, բայց այդ ջանքերը երբեք համահայկական բնույթ չեն ունեցել ու լայն, ամբողջ աշխարհով չեն լուսաբանվել: Անհատական պատմությունների կատալոգը շատ կարևոր դեր կարող է խաղալ ոչ միայն պատմությունը պահպանելու տեսակետից, այլ` նաև հասցնելու այդ պատմությունները ամբողջ աշխարհին, տեղադրելով դրանք շատ մատչելի կայքում ու հիշեցնելով մեզ և ուրիշներին մեր պատմությունն ու նրա էջերը, հիշեցնելով մեր նախնիներին և ինչու չէ` մտորելու ներկայի և ապագայի մասին:

2. Ստեղծել փաստերի արխիվ` մատչելի տարբեր լեզուներով, հիմնականում` հայերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն: Սա վերաբերում է ինչպես հին ու հայտնի փաստերին, այնպես` նաև նորերին, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Զարմանալի է, որ մինչև օրս չկա մի կայք, որտեղ կարելի է գտնել բոլոր փաստերը: Ցեղասպանության թանգարանի կայքում, իհարկե, կան տարբեր լեզուներով փաստաթղթերի նմուշներ` թարգմանված և առանց բնօրինակի: Կարծում եմ, որ փաստաթղթերի այդ հավաքածուն ամբողջական չէ, քանի որ նրանց քանակը մնում է շատ քիչ: Օրինակ` գերմաներենից թարգմանված է ընդամենը 4 փաստաթուղթ:

Հաշվի առնելով վերջին 10 տարում ամբողջ աշխարհով մեկ տեղեկատվության ազատության կտրուկ աճը և արխիվների մատչելիությունը` հարկավոր է ստեղծել նոր նախաձեռնություն, որն ուղղված կլինի նոր արխիվային նյութեր և փաստաթղթեր հավաքելուն: Այս ամենը կարելի է տեղադրել առաջին կետում նշված կայքում` թե թարգմանությունները, և թե բնօրինակները: Նոր փաստերը հավաքելու դեպքում, կարելի է կազմակերպել բարձր գիտական և ներկայացուցչական մակարդակի միջազգային գիտաժողով` հրավիրելով աշխարհի տարբեր մասերից պատմաբաններ, տարբեր գիտությունների կարկառուն ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ` հետապնդելով մի նպատակ` ևս մեկ անգամ բարձր ամբիոնից խոսել մարդկության պատմության ամենածանր հանցագործություներից մեկի մասին, ցույց տալ աշխարհին և Թուրքիային իր սեփական պատմության ցավոտ և արյունալի էջերն ու ստիպել, ճնշել՝ ընդունելու Ցեղասպանությունը:

3. Նախատեսել տարբեր միջոցառումների շղթա աշխարհի տարբեր կենտրոններում, և հատկապես Թուրքիայում, եթե, իհարկե, հնարավոր է գտնել աջակիցներ: Վերը նշված հին ու նոր նյութերը կարող են լավ հիմք հանդիսանալ այդ միջոցառումների համար և նպաստել Ցեղասպանության էլ ավելի լայն լուսաբանմանը: Կարծում ենք, որ չպետք է կենտրոնանալ միայն ցուցահանդեսների վրա: Անհրաժեշտ են նոր և բարձրորակ ֆիլմերի շարք և որոշ հին ֆիլմերի ցուցադրում, համերգներ, նոր գրքերի և հետազոտությունների մեծաքանակ հրատարակումներ: Ցանկալի կլիներ և ազդեցիկ, օրինակ` նախաձեռնել հանրաճանաչ դերասանների մասնակցությամբ գոնե մի քանի ֆիլմի նկարահանում, որոնք աշխարհով մեկ կցուցադրվեին` միաժամանակ մասնակցելով ամենահեղինակավոր և հանրահայտ կինոփառատոներին:

Բնականաբար, միջոցառումները դժվար թե ստիպեն Թուրքիային փոխել իր դիրքորոշումը, այնուամենայնիվ, եթե դրանք լինեն լավ կազմակերպված, մենք, գուցե, կտեսնենք նոր և ուժեղ ալիք` ուղղված Ցեղասպանության լայն ճանաչմանը: Հատկապես, ցանկալի կլիներ, որ նման նախաձեռնությունը կարողանար հասցնել այս պատմությունները և փաստերը Թուրքիայի երիտասարդությանը:

Առաջարկում ենք նաև և մեծ հույսով կոչ անում, օգտագործել այս պատմական պահը և փորձել վերաիմաստավորել մեր պատմությունն ու Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը` առաջիկա 100 տարվա տեսակետից: Խնդրում ենք, զերծ մնալ ողբերգական հիշողությունը օգտագործելու ինչ-որ շահերի կամ փոքր նպատակների համար: Չփորձել շահարկել Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի հիշողությունն ու զգացմունքները: Հարկավոր է մտածել, թե ինչպես կարող է այս մի պահը դառնալ առիթ` մտածել հայ ազգի համախմբման, արժանապատիվ ապագա, բարեկեցիկ պետություն ու առողջ հասարակություն ունենալու և աշխարհի կայացած պետությունների կողքին հպարտ կանգնելու մասին: Եթե Մեծ Եղեռնը և դրա ճանաչումը դարձել է հայի ինքնության դրսևորումներից մեկը, ապա հիմա ժամանակն է վերաիմաստավորել ինքնության գաղափարը և փորձել ձևավորել մի ամուր առանցք, որ կդառնա Հայ ազգի և պետության, Հայաստանի և Սփյուռքի միասնության համար իրական և անվերադարձ հնարավորություն:

Սույն մտքերը միահամուռ ուժերով կազմեցին աշխարհի տարբեր մասերում ապրող մի խումբ երևանցիներ`

 Երվանդ Շիրինյան

Դավիթ Ամիրյան

Դավիթ Ասատրյան

Հովսեփ Ավագյան

Սարգիս Մնոյան

Լևոն Հովսեփյան

Գևորգ Սարգսյան

Ելիզավետա Շիրինյան

Ստեփան Գալստյան

Լևոն Քոչարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930