Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց թե ընկերուհուս խոսեցնեք» ասելով՝ դանակահարել էր մի քանիսին

Նոյեմբեր 21,2012 14:52

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը /դատավորներ Գ.Ավետիսյանի նախագահությամբ, Ե.Դարբինյանի եւ Ս. Չիչոյանի մասնակցությամբ/ հրապարակեց Ստեփան Սերգեյի Դերձյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 20-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Ս. Դերձյանի պաշտպան Լ.Գոգինյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացրած դատավճիռը:

Վերջինի բողոքը մերժվեց եւ ուժի մեջ թողնվեց անչափահաս Ս.Դերձյանին 3 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը:

Նախ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ.Դոլմազյանի հունիսի 18-ի որոշմամբ Ս.Դերձյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը` կալանավորման սկիզբը հաշվելով հունիսի 15-ից:

Ս.Դերձյանը, ըստ գործի նյութերի, այս տարվա հունիսի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական» քոլեջի ուսանողուհի, իր մտերիմ Մ.Մ.-ից տեղեկացել է, որ նախորդ օրը նրա հետ Խոր Վիրապ հուշահամալիր էքսկուրսիա են գնացել համակուրսեցու՝ Լ. Մ.-ի եղբայրները՝ Էդգար Քոչարյանը և Ռազմիկ Մինասյանը: Ռազմիկ Մինասյանը փորձել է ճշտել Մ. Մ.-ն ընկեր ունի՞, թե՞ ոչ։

Անչափահաս Ստեփանն էլ իմանալով, որ Էդգարը և Ռազմիկը բնակվում են Վանաձորի Տարոն 4 թաղամասում, զանգում է նույն թաղամասի իր ծանոթին՝ Դավիթ անունով մեկին, որպեսզի նրա միջոցով հանդիպի Էդգարին և Ռազմիկին: Պայմանավորվում են հանդիպել Վանաձորի Գործարանային փողոցի սկզբնամասում:

Դատաքննության ժամանակ պարզվեց, որ Դավիթը, Ռազմիկը, Տիգրանը, Սերյոժա Լալայանը և Էդգար Քոչարյանը վերջինիս «Գազ 2410» մակնիշի 36 OS 197 համարանիշի ավտոմեքենայով գնացել են Գործարանային փողոց: Ստեփանն էլ իր անչափահաս ընկերների՝ Արամ Պապիկյանի և Գոռ Գասպարյանի հետ է լինում:

Վիճաբանելու ժամանակ Ստեփանը ձեռքերով և դանակով հարվածներ է հասցնում Էդգարի գլխին՝ պատճառելով նրա առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Ստեփանին է մոտենում Տիգրան Աղամիրյանը և միջամտում վիճաբանությանը: Ստեփանը նույն դանակով մի քանի անգամ հարվածում է նրա մարմնի ձախ մասին՝ պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով: Սերյոժա Լալայանը տեսնելով, որ Տիգրան Աղամիրյանը ընկած է գետնին և գոռում է, մոտենում է Ստեփան Դերձյանին, ձեռքերով հարվածելով նրան: Ստեփանը դանակով հարվածում է նաեւ Սերյոժային. հարվածն ուղղված էր կրծքավանդակի ձախ կեսի շրջանին, վերջինիս առողջությանը պատճառվում է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ստեփանը «պարզաբանումը» համարելով ավարտված՝ իր ընկերների հետ դեպքի վայրից հեռանում է։

Ի դեպ, նախաքննության մարմինը Ստեփան Դերձյանի կողմից դիտավորությամբ Տիգրան Աղամիրյանի առողջությանը` միջին, Էդգար Քոչարյանի առողջությանը` թեթև վնաս պատճառելու, իսկ Սերյոժա Լալայանի կողմից Ստեփանին ծեծի ենթարկելու մասով որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ տուժողների և մեղադրալի հետ հաշտության հիմքով։

Ամբաստանյալ Ս. Դերձյանի պաշտպան Լ.Գոգինյանը միջնորդություն էր ներկայացրել` Ս.Դերձյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, եւ խնդրել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

ՀՀ վերաքննիչ դատարանը, գնահատելով ապացույցները, գտավ, որ «Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ս.Դերձյանի նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանում է կատարած հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, նրա անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել պատժի նպատակները` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Վերաքննիչ դատարանը նաեւ արձանագրեց, որ Ս.Դերձյանը ենթակա է պատժի իր կատարած հանցանքի համար՝ մարզի ընդհանուր դատարանի կողմից նշանակված պատիժը համաչափ է նրա կատարած արարքի ծանրությանը, բնույթին, հետևանքներին ու անձնավորությանը, նա պետք է կրի իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը, որով ապահովվում է սոցիալական արդարության արդյունավետ իրականացումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930