Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետություն եւ ավանդույթներ

Նոյեմբեր 21,2012 14:35

Ոչինչ չի բնորոշում անգլիական ժողովրդին այնպես, ինչպես նրա հարգանքը օրենքի եւ ավանդույթների նկատմամբ:

Ուինսթոն Չերչիլ

 Ամռանը հետաքրքրությամբ նայեցի Լոնդոնում ընթացող Օլիմպիադայի բացումը, որը բավականին մեծ տպավորություն թողեց: Բաց թողնելով գեղարվեստական մասը՝ անցնեմ կարեւոր մի երեւույթի: Հայտնի է, որ սպորտը դա քաղաքականություն է: Օրինակ՝ Խորհրդային Միությունը լինելով նաեւ սպորտային գերտերություն, օլիմպիական խաղերին էր ուղարկում մարզիկների, որոնք գրանցված էին այս կամ այն աշխատանքի վայրում եւ հանդես էին գալիս որպես սիրողական մարզիկներ, դրանով ցույց տալով բոլորին, որ սովետում սպորտն ու առողջ ապրելակերպը գտնվում են ամենաբարձր մակարդակում: Կամ ֆուտբոլը, որը մոլորակի ամենազանգվածային երեւույթներից մեկն է, դարձել է շատ երկրների քաղաքակրթությունների անբաժանելի, ցայտուն մի մասը, նրանց այցեքարտը: Օրինակ՝ Բրազիլիան կամ «Ռեալ Մադրիդ» ու «Բարսելոնա» ակումբները Իսպանիայում, Big Four-ը («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերփուլ», «Արսենալ») ֆուտբոլային հայրենիք Անգլիայում եւ այլն: Գալով Լոնդոնի ամառային օլիմպիադայի բացմանը՝ ասեմ, որ այն հրաշալի հնարավորություն էր անգլիացիների համար՝ ամբողջ աշխարհին ցույց տալու, հիշեցնելու եվրոպական եւ համաշխարհային պատմության մեջ նրանց ունեցած հիմնավոր դերի մասին: Այս հնարավորությունը Անգլիան օգտագործեց լիովին ու հիանալի: Արարողության ողջ ընթացքում կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, թե ինչպիսի նորարարական, ինքնատիպ եւ կրթող դեր է խաղացել Անգլիան: Հատկապես ընդգծվեց նրա իրագործած արդյունաբերական հեղափոխությունը, որի արդյունքում Անգլիան վերածվեց XVII-րդ դարի կապիտալիստական ամենաառաջավոր տերության: Սակայն, առավել կարեւորը, դա անգլիական ավանդույթների չընդհատվող ընթացքի ցուցադրումներն էր: Մենք տեսանք ավանդույթներ, որոնք սկիզբ են առել դարեր առաջ, շարունակվում են մինչեւ այսօր եւ կիրառվում են ինչպես բարձր քաղաքականությունում, այնպես էլ կենցաղում: Անգլիական հասարակությունը իր ձեւավորման առաջին իսկ օրվանից սերունդներին է փոխանցում ավանդույթներ, որոնք որոշիչ դեր են խաղում անգլիականության պահպանման եւ հաջողության գործում:

Ինչպիսի՞ նշանակություն ունեն ավանդույթները պետական քաղաքականության մեջ եւ ո՞րն է նրանց դերը հայ պատմության եւ հասարակության մեջ: Յուրաքանչյուր ընտանիք կառավարվում եւ շարունակվում է ավանդույթներով: Եթե ընդունեք, որ պետությունը իր սահմաններով դա տուն է, որն ունի իր մեծը, պաշտպանը, աշխատողը, կերակրողը եւ այլն, այսինքն՝ մեծ ընտանիք է, նշանակում է, որ նա (պետությունը) կառավարում եւ ուղղորդում է մասսաներին նաեւ ավանդույթների միջոցով: Երկարակյաց ավանդույթների առկայությունը փաստում է պետականության գոյության մասին: Երջանիկ են այն հասարակարգերը, ժողովուրդները, որոնց ավանդույթները սկիզբ են առնում հեռավոր դարերից եւ արմատ են տալիս: Ինչքան հեռու, այդքան լավ: Դա խոսում է այդ սահմաններում ապրող հասարակության պետական բարձր մտածելակերպ ունենալու մասին: Եվ եթե ուսումնասիրենք այն երկրները, որոնք հզոր ու կայացած են համարվում, ապա կտեսնենք, որ ավանդույթի մշակույթը վաղուց է ստեղծվել, զարգացել ու շարունակվում է այսօր էլ: Եվ ԱՄՆ-ն, որ այս ակումբում, որպես պատմական երկիր, ամենաերիտասարդն է, ունի քաղաքական, պետական, հասարակական, ընտանեկան տրադիցիաներ, որոնք ծնվել եւ ապրում են այս երկրում հարյուրամյակներ: Օրինակ՝ նախնական ընտրությունների (primaries) կարգը, նախագահի երդման արարողությունը, շնորհակալության օրը (Thanks giving Day), եւ այլն: Կամ Ֆրանսիան, որտեղ (եւ ոչ միայն Ֆրանսիայում) Նապոլեոն Բոնապարտի ժառանգությունը, նրա կողմից հիմնադրված համակարգերը գործում են գրեթե անփոփոխ՝ դա 1804 թ. Մեծ Կայսրի կողմից ստեղծված Պատվո Լեգեոնի Շքանշանի ինստիտուտն է եւ Քաղաքացիական օրենսգիրքը: Վերջինս ոչ միայն Ֆրանսիական օրենսդրության հիմքը դարձավ, այլ նաեւ շատ ուրիշ երկրների՝ առանձին վերցրած, եւ համաեվրոպական օրենքների համար՝ ամբողջապես: Ավանդույթն ինչպես բնորոշող, այնպես էլ միավորող եւ պահպանող նշանակություն ունի: Կան երկրներ, որոնք պատմության տարբեր շրջաններում գտնվել են գաղափարապես իրար հակադիր ուժերի իշխանության ներքո կամ՝ օտարների լծի տակ: Բնականաբար, այս խճանկարը իր հետքը կթողնի: Սակայն Եսի եւ Գոյի պաշտպանումը ու հարատեւումը նույնպես ավանդույթների, այս դեպքում՝ կրոնական, ընտանեկան, միջոցով է կատարվում: Հայ ժողովրդի համար այս հարցը երկու աստիճան ունի: Պատմության ընթացքում մենք ունեցել ենք ուժեղ եւ ինքնատիպ պետականություններ, որոնք եղել են ազդեցիկ խաղացող տարածաշրջանում, տեւել մի քանի դար, բնականաբար ունենալով իրենց ավանդույթների պատմությունը: Սակայն Հայոց մի թագավորության անկումից մինչեւ մյուսի ստեղծումը, դարերի տարածությունն այնքան երկար է, եւ օտար իշխանությամբ լցված, որ ժառանգականության մասին խոսք անգամ լինել չի կարող: Սա մեր պատմության եւ գիտակցության ամենացավալի փաստն է: Մյուս կողմն էլ այն է, որ զրկված լինելով պետությունից՝ եկեղեցին միավորող է եղել եւ մշակույթ ստեղծող հոգեւորը եւ մշակութայինը մշտապես պահպանել են մեր Ես-ի տեսակը: Ուստի, հայ կենսագրության մեջ տեղ են գտել կրոնական, քաղաքակրթական տրադիցիաներ եւ ավելի զանգվածային են ժողովրդականը, ընտանեկանը, կենցաղայինը: Բնական է: Այսօր մենք մեր պատմության ամենահաջողված ալիքներից մեկի վրա ենք: Պետք է խարիսխ գցել ու առաջին հերթին, եւս մեկ անգամ ուսումնասիրել եւ քաղվածքներ անել սեփական պատմությունից՝ գիտություն, որ մարդկության հիշողությունն է, ներկայի կառուցողը, ապագայի հիմքը: Գիտակցենք մեր կոպիտ սխալները չկրկնելու պայմանով, գտնենք եւ վերականգնենք օգտակար հատվածները՝ մոռացության չմատնելու գիտակցումով: Անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, կայացած ուժեղ բանակ, Հայաստան-Արցախ-Սփյուռք ամրապնդող ազգային կամուրջ ու ինչքան էլ օրվա չպակասող հոգսերը շնչներիս ծանրացած լինի, ինչքան էլ հույսն ու հուսահատությունը բաժանող սահմանը փոքրացած լինի, մեր քաղաքական պատկերը սա է, իսկ հաջողությունն ու երջանկությունը Մտքով եւ Ոգով չհանձնվողինն է: Ուստի, պատմական այսժամյա կտրվածքից ելնելով, հայ հողը պարարտ է պետական, քաղաքական սերմերը ցանելու եւ աճեցնելու համար: Լավ հիմքեր ունենք՝ հետաքրքիրը ստանալու համար: Հայկ Նահապետից գանք Սպարապետ Վազգեն Սարգսյանին ու շարունակենք, թիկունքներիս ունենալով Խորենացու «Պատմությունը», Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» եւ Չարենցի «Երկիր Նաիրին» (հայ ամենամեծ գրքերը), իմաստավորելով անկախության եւ հաղթանակած պատերազմի գաղափարները, մեր 8000-ամյա մայրենիի միջոցով մշակենք եւ զարգացնենք ավանդույթների սեփական ինստիտուտը, դարձնենք այն ավելի համակարգված: Օրենքը եւ Ավանդույթը երբեք հակասության մեջ չպետք է լինեն, հակառակը՝ ավանդականությունը օրենքի ոչ պարտադիր տեսակն է: Այն շեշտում է առանձնահատկությունը, կանոնավորում հարաբերությունները, գեղեցկացնում ու հետաքրքրացնում մթնոլորտը, դաստիարակում հետո եկողին, իր գոյությամբ իմաստավորում շատ բան: Հնարավորություն տանք սերունդներին տասնամյակներ, հարյուրամյակներ անց, հպարտությամբ արձանագրելու, որ այսինչ ավանդույթը արդեն այսքան ժամանակի փորձ ունի: Դա կայուն եւ զարգացող, իր ինքնատիպությունը գիտակցող, պետական մտածելակերպ ունեցող պետության եւ հասարակարգի ցուցանիշ է:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀԿ Ե/Կ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930