Արվեստագետները պատասխանում են «Առավոտի» հարցերին
2010 թվականից անցկացված հայ կոմպոզիտորական արվեստի «Սարյանֆեստ», «Բաբաջանյանֆեստ» փառատոների շարքում, այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Չուխաջյանֆեստը»՝ նվիրված Տիգրան Չուխաջյանի 175-ամյա ու Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյա հոբելյաններին: ՀՀ նախագահի հովանու ներքո անցնող միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը, Պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը, որը ինչպես նախորդ տարիներին, բաղկացած է սիմֆոնիկ եւ կամերային երեկոներից, կեզրափակվի դեկտեմբերի 19-ին՝ գալա համերգով: Համերգներին ընդգրկված են օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը, մեներգիչներ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ճանաչված հայ երաժիշտ -կատարողներ, նաեւ հրավիրյալ, այդ թվում՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Ռուսաստանից:
«Առավոտը» հարցեր ուղղեց կազմակերպիչներին:
Դիտարկմանը՝ ավանդաբար անցկացվող փառատոներից հետո արդյո՞ք տեղի են ունենում քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ, եւ ինչո՞ւ արտերկրում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին չի ներկայացվում ժամանակակից կոմպոզիտորների երանգապնակից եւս, որպեսզի դրսում տպավորություն չստեղծվի, թե մշտապես ներկայացվող Խաչատրյանից, Մանսուրյանից, Տերտերյանից ու էլի 1-2 անուններից բացի, կանգ է առել հայ կոմպոզիտորական ստեղծագործությունը, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նախ հայտնեց, թե կոնկրետ «Չուխաջյանֆեստ» փառատոնի ավարտին լույս կտեսնի ձեռնարկ, որում տեղ կգտնեն տարբեր երաժշտագետների կարծիքներ՝ կատարված ստեղծագործությունների վերաբերյալ, հետո էլ ասաց. «Մեր գերնպատակը սերունդների միջեւ ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժեւորումը եւ այդ գործընթացի շարունակության ապահովումը: Նախորդ եւ այս փառատոնին ընդգրկված են շուրջ 80 հայ հեղինակների, այդ թվում՝ դասական ու ժամանակակից ստեղծագործություններ: Ինչ վերաբերում է արտերկրում ներկայացվող հայ հեղինակներին, մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում նվիրյալներին»:
Կարդացեք նաև
Կոմպոզիտորը պատմեց վերջերս Գերմանիայում իր հետ կատարված մի զավեշտալի դեպքի մասին, երբ համերգից հետո հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների գործերից կազմված ծրագրից հետո ոգեւորված մի գերմանացի մոտեցել է իրեն ու ասել, թե ներկայացված մշակութային Հայաստանը հեռու է իր պատկերացրած Հայաստանից: Պարոն Ամիրխանյանը ցավով նշեց, որ դրսում «դե ֆակտո» չեն ճանաչում իրական մշակութային Հայաստանը. «Ողջ Եվրոպան, կամա թե ակամա, պետք է փաստի, որ 3 միլիոնանոց Հայաստանի կատարողական ու կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչներով է «սնվում»:
Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը պատասխանելով հարցին, թե հնարավոր չէ՞ր «Չուխաջյանֆեստի» շրջանակներում թատրոնը հանդես գար ժողովրդականություն վայելող մեծակտավ «Կարինե» օպերետով, շեշտեց, թե փառատոնը կմեկնարկի «Կարինե» օպերետից հատվածների ներկայացմամբ, թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների կատարմամբ, հետո էլ հավելեց. «Օպերային թատրոնը «Կարինեն» բեմ բարձրացնելու հայտ է ներկայացրել մշակույթի նախարարություն: Հուսով ենք՝ ամենամոտ ժամանակներում իսկապես ժողովրդականություն վայելող այս օպերետը տեղ կգտնի մեր խաղացանկում՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի կողքին»:
Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանից էլ հետաքրքրվեցինք, թե հայաստանյան եւ արտերկրյա համերգային բուռն կյանքով ապրող նվագախումբը համապատասխանո՞ւմ է երիտասարդական անվանը: Դիրիժորը նախ տեղեկացրեց, թե այսուհետ իր ղեկավարած նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, հետո էլ պատասխանեց. «Նվագախմբում երիտասարդ արտիստներ են ընդգրկված Գյումրիից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից եւ այլ շրջաններից, ինչպես նաեւ՝ Արցախից»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ