ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամիսներ առաջ օտարալեզու ինտերնետային կայքերից մեկում կարդացի. «Մարդիկ բաժանվում են երեք խմբի. առաջին խմբում նրանք են, ովքեր տեսել են Փարիզը, երկրորդում՝ նրանք, ովքեր չեն տեսել Փարիզը, իսկ երրորդում նրանք, որոնց համար միեւնույն է՝ կտեսնե՞ն Փարիզը, թե՞ ոչ»: Մարդկանց այսօրինակ բաժանումն ինքնատիպ երեւալու պարզունակ հնարք թվաց ինձ, մինչեւ օգոստոսյան այն օրը, երբ արթնացա Գերմանիայից Փարիզ ուղեւորվող միջքաղաքային ավտոբուսում՝ արդեն Փարիզում: Լուսադեմին՝ ժամը վեցին, Ֆրանսիայի մայրաքաղաքը դեռ ամբողջովին կլանված էր գիշերային լույսերով: Ավտոբուսի պատուհանից գիշերային Փարիզը եռաչափ պատկեր էր թվում: Օրեր անց Էյֆելյան աշտարակի գագաթից ես նայելու էի ներքեւում փռված գիշերային Փարիզին ու հարցնելու էի ինքս ինձ՝ Փարիզը գիշերով՝ իրականությո՞ւն է, պատրա՞նք, արվեստի մեծածավալ կտա՞վ, կախարդուհի՞, որ դեպի իրեն է ձգում աշխարհի միլիոնավոր մարդկանց:
Ցերեկը, Մոնմարտրի բարձունքից ներքեւում փռված Փարիզի համար ես նոր անվանում եմ գտնում` Սպիտակ քաղաք: Փարիզյան ճարտարապետությունն ամբողջովին սպիտակ քարից է, երբեմն միայն՝ գորշավուն երանգով:
Կարդացեք նաև
Փաստորեն, ես երկրորդ՝ Փարիզը չտեսած մարդկանց խմբից տեղափոխվում եմ առաջին խումբ. ես եղել եմ Փարիզում, ես տեսել եմ այն: Փարիզյան առասպելը վերածվում է հեքիաթի, հեքիաթն՝ իրականության, իրականությունը՝ հիշողության: Ես մտածում եմ, որ կյանքը ոչ միան բազմազան է, այլեւ բազմիմաստ, եւ այդ բազում իմաստներից մեկն էլ այն է, որ երբեւէ տեսնես Փարիզը՝ Սպիտակ քաղաքը:
1. Բաստիլից մինչեւ Կոնկորդի հրապարակ
Երբ մ.թ.ա. 3-րդ դարում կելտական Լյուտենցիա բնակավայրից փարիզյան ցեղախմբերը տեղափոխվեցին եւ հաստատվեցին Սենա գետի ափին, Սիտե կղզում, նրանք չգիտեին, որ հիմքերն էին դնում մի քաղաքի, որը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր մարդիկ էին գալու: Փարիզյան ցեղախմբերը չգիտեին, որ սկզբնավորում էին այն քաղաքի պատմությունը, որը մեծապես պայմանավորել է ոչ միայն Եվրոպայի պատմաքաղաքական զարգացումները, այլեւ ողջ առաջադեմ մարդկության արժեքներն ու սկզբունքները: Փարիզյան ցեղախմբերի անունով էլ հետագայում Ֆրանսիայի մայրաքաղաքն անվանվեց Փարիզ:
Որքան էլ կարդաս, լսես Փարիզի մասին՝ այն միշտ անսպասելի է: Ինձ համար Փարիզի անանց կախարդանքի գետը գոյանում է մի քանի վտակներից՝ ֆրանսիական գրականությունից եւ արվեստից, ֆրանսիական լուսավորչականությունից, Ֆրանսիայի պատմությունից: Առաջին անգամ Փարիզ այցելողների համար կարեւոր հարցերից մեկն այն է, թե բազում հանրահայտ տեսարժան վայրերից եւ թանգարաններից ո՞րն այցելել առաջինը: Մետրոյի համանուն կայարանից մենք դուրս ենք գալիս Բաստիլի հրապարակ: Փարիզի այլ շքեղ հրապարակների կողքին Բաստիլի հրապարակը գրեթե անշուք է, սակայն այստեղ այցելելն ինձ համար նախեւառաջ հարգանքի տուրք է: Հրապարակի կենտրոնում վեր է խոյանում Հուլիսյան բրոնզե հուշակոթողը՝ 80 մ բարձրությամբ: Հրապարակի մյուս հատվածում օպերայի նոր շենքն է: Օգոստոսյան արեւի միջից բարակ անձրեւ է մաղում: Ես մտովի դատարկում եմ հրապարակը ժամանակակից կառույցներից եւ գրեթե պարզորոշ տեսնում եմ «Մարսելիոզի» քայլերգի տակ Բաստիլի բանտը գրոհող ֆրանսիացիների հեղափոխական շարքերը: Իմ հայկական արյան մեջ ոչ մի կաթիլ այլ ազգի արյուն չկա, բայց արյանս բոլոր ավիշներով ինձ հարազատ եմ զգում ֆրանսիացի հեղափոխականներին: Ինձ թվում է, որ ոչ թե 2012 թ. օգոստոսի 20-ն է, այլ 1789 թ. հուլիսի 14-ը՝ ֆրանսիական մեծ հեղափոխության օրը:
Բաստիլի ամրոցը կառուցվել է 1370-1383 թթ., ենթադրաբար՝ այն բանտի է վերածվել 17-րդ դարում: Բաստիլի բանտում պահվում էին «պետական հանցագործները»՝ քաղաքական եւ կրոնական պատճառով ազատազրկվածները, խռովարար գրողները, դարաշրջանի ականավոր մտածողները: Տարիների հետ Բաստիլի բանտն անփառունակ համբավ ձեռք բերեց՝ վերածվելով Ֆրանսիայի բռնապետության խորհրդանիշի: Բաստիլի գրավումից մեկ տարի անց՝ 1790թ. հուլիսի 14-ին, բանտը հողին է հավասարեցվում: Բանտի քարերից կառուցվում է Կոնկորդի կամուրջը: 1830թ. հուլիսյան հեղափոխությունից հետո բանտի տեղում կառուցվում է եւ 1840-ի հուլիսին բացվում Հուլիսյան հուշակոթողը՝ վերնամասում Ազատության ավետաբերը: 1880-ից ի վեր Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ը, Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն: Եվ այժմ ես կանգնած եմ այնտեղ, որտեղից սկսվել է ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ դրա պատվին վերանվանված Բաստիլի հրապարակում:
Ես փորձում եմ պահպանել պատմության թելը, եւ դստերս հետ ուղղություն ենք վերցնում դեպի Կոնկորդի՝ Համաձայնության հրապարակ, որի հետ են կապված Փարիզի պատմության արյունոտ էջերը: Սենա գետի աջ ափին, Ելիսեյան պալատի սկզբնամասում գտնվող հրապարակը կառուցվել է 1757-1779 թթ.՝ ճարտարապետ Գաբրիելի նախագծով: Այն նախ կոչվել է նախաձեռնողի՝ Լյուդովիկոս 15-րդի անվամբ, որի արձանը ձիու վրա տեղադրվում է հրապարակի կենտրոնում: Հեղափոխության ժամանակ թագավորի արձանին փոխարինելու է գալիս Ազատության արձանը, իսկ հրապարակը վերանվանվում է երկրորդ անգամ՝ ի պատիվ Հեղափոխության: Հրապարակում տեղադրվում է գիլյոտինը: 1793 թ. այստեղ գլխատվում են Լյուդովիկոս 16-րդը, թագուհի Մարիա Անտուանետտը եւ նրա մերձավորները, կախաղան է բարձրացվում Ժան Պոլ Մարատին սպանող Շարլոտ Կորդեն: Պատմության շրջադարձի ընթացքում՝ հակահեղափոխական ահաբեկչության ժամանակ, նույն հրապարակում կախաղան են բարձրացվում հեղափոխության առաջնորդները՝ Ռոբեսպիերը, Դանտոնը, Դեմուլեն: Շուրջ 1119 մարդ գլխատվում կամ կախաղան են բարձրացվում այստեղ: 1795թ. նոր իշխանությունը՝ Դիրեկտորիան, հրապարակը վերանվանում է երրորդ անգամ՝ ի նշան հասարակական համաձայնության՝ Կոնկորդի հրապարակ: 1829թ. Եգիպտոսի փոխարքան Ֆրանսիայի թագավորին է նվիրում եգիպտական Ամոնի տաճարի փլատակներից փրկված, 3600 տարվա պատմությամբ 22.8մ բարձրությամբ սյունե կոթողը, որը 1836-ից վեր է խոյանում Կոնկորդի հրապարակի կենտրոնում (1999թ. կոթողի վերնամասը ոսկեպատվեց 1.5 կգ մաքուր ոսկով): Լուի Ֆիլիպի օրոք Կոնկորդի հրապարակը ձեռք է բերում իր ներկա տեսքը՝ 9մ բարձրությամբ եւ առասպելական նայադներով շրջապատված մարմարե մուգ կանաչ շատրվաններով, որոնք խորհրդանշում են Ֆրանսիայի գետային եւ ծովային նավագնացությունը, սակայն դրանք ես նմանեցնում եմ լցված համբերության հսկա թասերի, որոնցից թափվում է ջուրը՝ սոցիալական անարդարությունից հոգնած 18-րդ դարի փարիզեցիների համբերությունը:
Կոնկորդի հրապարակը մեծությամբ երկրորդն է ողջ Ֆրանսիայում: Այստեղից է սկիզբ առնում Փարիզի հանրահայտ մայրուղին՝ Ելիսեյան դաշտերը՝ ձգվելով մինչեւ Շարլ դը Գոլի կամ Աստղի հրապարակ, ուր իր ազդու վեհությամբ եւ ֆրանսիական ճարտարապետության նրբաճաշակությամբ կանգնած է Հաղթական կամարը:
2. Հաղթանակի
ճանապարհին
Եվրոպական քաղաքներին առանձնակի հմայք են հաղորդում քաղաքի դարպասները եւ գետերը: Գետերը մի քանի կարեւոր խնդիրներ են լուծում քաղաքների համար՝ 1. ապահովում են թթվածնային պաշարը, 2. ծառայում են որպես հաղորդակցության ճանապարհ, 3. դրանց ափերին բարձրանում է նոր քաղաքը՝ մյուս ափին պահպանելով հին քաղաքը: (Մինչդեռ Երեւանը «զարգանում է» հակառակ տրամաբանությամբ. մայրաքաղաքով հոսող միակ գետը՝ Հրազդանը, նախ վերածեցին աղբանոցի, ապա այդ պատրվակով՝ փակեցին-բետոնապատեցին: Բացի այդ: Նոր Երեւանը կառուցվում է՝ հին քաղաքը ոչնչացնելու հաշվին):
Եվրոպական քաղաքներին առանձնահատուկ հմայք են հաղորդում նաեւ քաղաքի դարպասները: Չնայած ժամանակի ընթացքում եվրոպական քաղաքներն ընդարձակվում են՝ ընդգրկելով շրջակա բնակավայրերը, եւ քաղաքի դարպասներն աստիճանաբար «տեղափոխվում են» կենտրոն, բայց դրանց հմայքը չի մարում: Հաղթական կամարի ճարտարապետական նշանակությունը չի հանգում քաղաքային դարպասների գաղափարին, եւ եթե եվրոպական այլ քաղաքների դարպասների մոտ քաղաքը կարծես փակվում է, ապա Հաղթական կամարի մոտից Փարիզը բացվում-ձգվում-տարածվում է: Հաղթական կամարը Փարիզի՝ համաշխարհային ընկալման խորհրդանիշներից է:
Դեռեւս Լյուդովիկոս 14-րդի օրոք Ելիսեյան դաշտերից ձգվող ուղիղ ճանապարհը միացնում էր երկու թագավորական նստավայրերը՝ Լուվրի եւ Վերսալի արքայական պալատները: Այդ ճանապարհն անվանում են Հաղթանակի ճանապարհ: Լյուդովիկոս 8-րդի օրոք Ելիսեյան դաշտերի վերջնամասում կառուցվում է հնգաձեւ հրապարակ, որից սկզբնավորվում են հինգ ճանապարհներ: Հնգաձեւ հրապարակը նմանվում է աստղի եւ անվանվում հենց այդպես՝ Աստղի հրապարակ: Հետագայում 5 ճանապարհներին ավելանում են եւս 7-ը, եւ հրապարակը դառնում է 12 ճառագայթ-փողոցների ամբողջություն: 1970 թ. Շարլ դը Գոլի մահից հետո հրապարակը վերանվանվում է նրա անվամբ: Այժմ հրապարակի երկու անվանումներն էլ գործածվում են զուգահեռաբար: Այդպես է կոչվում նաեւ մետրոյի այդ կայարանը՝ Շարլ դը Գոլի (Աստղի) հրապարակ: Այս 12 ճանապարհների կենտրոնում է Հաղթական կամարը, որն անքթիթ նայում է իրենով հիացող զբոսաշրջիկների բազմությանը: Մենք փորձում ենք լուսանկարվել հրապարակի այնպիսի հատվածում, որտեղից երեւա կամարն ամբողջությամբ: Երկար պտտվում ենք հրապարակի շուրջը եւ հենց մայրուղու կենտրոնում փողոցների բազմությունից հոծ գծերով առանձնացված մի կարճ հատված ենք գտնում: Շուրջս մեքենաներն են սլանում, մենք եւ մեզ նման մի քանի կամիկաձեներ, այնուամենայնիվ, լուսանկարվում ենք:
Հաղթական կամարը կառուցվել է 1806-1836թթ.՝ հին հունական ոճով (49,5մ բարձրությամբ, 44,8մ լայնությամբ, 29,19մ կամարի բարձրությամբ)՝ ըստ ճարտարապետ Ժան Շալգրենի ճարտարապետական նախագծի եւ Նապոլեոնի հրամանի՝ ի հավերժացումն ֆրանսիական բանակի հաղթանակների (Լուվրի մոտ կառուցվել է մեկ այլ հաղթական կամար՝ Կարուզելը, որը, սակայն, Նապոլեոնին բավարար չափով հզոր չի թվացել): Կամարը զարդանախշված է չորս քանդակային խմբերով, որոնցից ամենահայտնին գրավված Լոթարինգիան է (հայտնի է որպես «Մարսելիոզ»), պատկերված են 128 ռազմական տեսարաններ, փորագրված՝ 558 ֆրանսիացի ռազմական գործիչների ազգանուններ: Կամարը շրջապատում են շղթաներով իրար միացած հարյուր գրանիտե կարճ «թմբերը»՝ ի նշան Նապոլեոնի կառավարման հայտնի «Հարյուր օրվա»: Նապոլեոնը չհասցրեց տեսնել Հաղթական կամարն ավարտուն տեսքով. նա մահացավ 1821-ին: Լուի Ֆիլիպն իր գահակալման օրոք կատարեց Նապոլեոնի պատգամը եւ նրա աճյունը Սուրբ Ելենա կղզուց տեղափոխեց Ֆրանսիա: 1840թ. դեկտեմբերի 15-ին Նապոլեոնի մասունքները փոխադրող սգո կառքն անցավ Հաղթական կամարի տակով: Բոնապարտի մասունքներն ամփոփվեցին Փարիզի Հաշմանդամների տան համալիրում:
Ֆրանսիայի պատմությունն անբաժան է Նապոլեոնից: Նրա կերպարը հպարտության աղբյուր է ֆրանսիացիների եւ ներշնչման ակունք՝ աշխարհահռչակ արվեստագետների համար: Նապոլեոնը Փարիզում ամենուր է: Լուվրի թանգարանում Նապոլեոնին պատկերող Ժակ Լուի Դավթի՝ «Նապոլեոնը ձիու վրա», «Նապոլեոնը Աուստրելիցի ճակատամարտից առաջ», «Նապոլեոնի թագադրումը», Անտուան Ժան Գրոյի՝ «Նապոլեոնն Էլայի ճակատամարտում», Պոլ Դելարոշի՝ «Նապոլեոնն անցնում է Ալպերը» կտավները Լուվրի հարստության եւ համաշխարհային կերպարվեստի անբաժանելի մասն են: «Նապոլեոնի թագադրումը» մեծածավալ կտավի (621×979) բնօրինակը եւ երկու օրինակները Փարիզում են, բնօրինակը՝ Լուվրում, մյուսը՝ Վերսալի արքայական պալատում, իսկ երրորդի մասին մեր էլեկտրոնային զբոսավարը լռեց:
Փարիզ-Երեւան
«Առավոտ» օրաթերթ