ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, խոսելով աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ մասնավորապես ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո սպասվելիք գործընթացների բնույթի մասին, ասաց, որ աշխարհում շարունակվելու եւ խորանալու են դեզինտեգրացիոն գործընթացները, տարածաշրջանների տրոհում լոկալ պատերազմները, միջէթնիկական բախումները. «Սա է առաջիկա տասնամյակի հիմնական բովանդակությունը լինելու հատկապես Եվրասիական մայրցամաքում: Մենք սպասվելիք բախումների կենտրոնում ենք ու գտնվում ենք տոտալ անհանգստությունների կենտրոնում: Պետք է դիմագրավել մարտահրավերներին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուղղություններին, որտեղ կա խաղաղությունը եւ ներքին կայունությունը ապահովող պոտենցիալ: Այսօր դա առայժմ Ռուսաստանն է, Իրանը եւ մասնակիորեն՝ Թուրքիան»:
Անդրադառնալով ԵՄ-ին եւ Եվրասիական միությանը, հատկապես այն հանգամանքին, թե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգիծը այս քաղաքական բեւեռներից որ մեկը պետք է որդեգրի՝ Մելիքյանն ասաց. «Հայկական փորձագիտական շրջանակներն աշխատում են խնդիրը հանգեցնել ոչ թե կամ-կամի, այլ՝ եւ, եւ-ի, բայց մի տարբերություն կա. ԵՄ-ն Հայաստանին որպես ԵՄ անդամ չի դիտարկում, իսկ Եվրասիական միություն դեռեւս գոյություն չունի, բայց Հայաստանին արդեն դիտարկում են իբրեւ դրա մաս: Բայց մեր կողմնորոշումը պետք է բխի երկրի անվտանգության եւ կայունության պահպանման տեսանկյունից, իսկ մեր անվտանգությունն այս պահին կախված է հայ-ռուսական համագործակցությունից: Անգամ հայ-թուրքական սահմանը բացելը վտանգավոր է, սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը: Ռուսաստանը միշտ կարող է ասել, որ Հայաստանում ամենամեծ ներդրողն է, իսկ Հայաստանը Ռուսաստանի անվտանգության ամենամեծ ներդրողն է տարածաշրջանում՝ հատկապես Ռուսաստանի հարավային մերձսահմանային գոտում: Մենք ամաչում ենք այս մասին խոսել, բայց դա տեղիք է տալիս, որ անհամարժեք վերաբերմունք առաջանա ռուսական փորձագիտական շրջանակներում: Մենք ունենք բազմաթիվ դրական գործոններ Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու, բայց կան նաեւ խոչընդոտներ, որոնք պետք է վերացնել»:
Ինչ վերաբերում է եվրաինտեգրմանը, ապա ըստ Մելիքյանի՝ շատ կարեւոր է, որ եվրոպական տերությունների հետ Հայաստանը ունենա լավ ու խորը հարաբերություններ, բայց այդ հարաբերությունները չեն կարող զարգանալ ի հաշիվ մեր անվտանգության. «Այստեղ է, որ առաջանում են բարդություններ. եվրոպական մի շարք չինովնիկներ Եվրասիական միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ, հստակ եւ կոշտ արտահայտություններ են արել, թե Հայաստանի կողմից արված այդ քայլը կբացառի Հայաստանի եվրաինտեգրումը: Այսինքն՝ այդ մարդիկ չեն դիտարկում նաեւ Ռուսաստանի եվրաինտեգրումը, ինչը լուրջ խնդիր է»,-ավելացրեց Մելիքյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ