Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի 10 փոքր ՀԷԿ է շահագործման հանձնվել

Նոյեմբեր 21,2012 14:26

Հայաստանը ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում պարտավորվել է մինչեւ 2020 թվականը առաջնային էներգառեսուրսների օգտագործման բալանսում առնվազն 20 տոկոս վերականգնող էներգետիկան ներգրավել: Այսօր «Կանաչ երկիր, մաքուր էներգիա» խորագրով Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության 5-րդ կոնֆերանսի ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքերով. «Վերականգնողական էներգետիկան Հայաստանի համար ամենահեռանկարայինն է: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականը մեր էներգառեսուրսների բալանսում 20 տոկոս վերականգնողական էներգետիկան ապահովելը հնարավոր է»:

Պարոն Գալստյանի խոսքերով՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 133 փոքր ՀԷԿ: Ըստ նրա՝ մինչեւ տարեվերջ այդ ՀԷԿ-երը կարտադրեն մոտ 600 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը մեր ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրման բալանսում 5-6 տոկոս է կազմում. «Հանձնվել են եւս 75 լիցենզիաներ, այսինքն՝ առաջիկա 5 տարիներին շահագործման կհանձնվեն եւս 75 փոքր ՀԷԿ-եր: Եթե ամեն ինչ ըստ ժամանակացույցի իրականացվի, առաջիկա 5 տարիներին կունենանք լրացուցիչ մինչեւ 500 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն՝ մինչեւ 2020 թվականը փոքր ՀԷԿ-երի օգնությամբ կարող ենք արտադրել մոտ մեկ միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա»: Փոխնախարարը հավելեց, որ 2020 թվականին Հայաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի բալանսում մինչեւ 8 տոկոս ներքին պահանջարկը կբավարարվի փոքր ՀԷԿ-երի օգնությամբ:

Փոխնախարարի խոսքերով՝ ոլորտի զարգացմանը նպաստում են նաեւ կառավարության ճիշտ մոտեցումները. «Վերականգնող էներգետիկայի համար արտոնյալ պայմաններ են ստեղծվել: Այն կայանները, որոնք օգտագործում են նման ռեսուրսներ, նրանց էլեկտրաէներգիան 15 տարվա ընթացքում առանց մրցակցության պետք է գնվի մեծածախ շուկայում նախապես սահմանված սակագնով: Սակագինը կարող է փոխվել միայն փոխարժեքների փոփոխության դեպքում»: Նրա տեղեկացմամբ՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար Հայաստանին է տրամադրել լրացուցիչ 40 միլիոն եվրո: Պարոն Գալստյանը նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում նաեւ մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վրա: Եվ առաջիկա տարիների ընթացքում շահագործման կհանձնվի Մեղրիում կառուցվող ՀԷԿ-ը, այն նախատեսում է մինչեւ 850 միլիոն կիլովատ ժամ էներգիա արտադրել: ՀԷկ են նախատեսում կառուցել նաեւ Շնողում, Սեւանում:

Հայաստանի փոքր ՀԷԿ-ի միության նախագահ Նաիրա Նահապետյանն էլ նկատեց, որ փոքր հիդրոէներգետիկան Հայաստանում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է ու վերականգնվող էլեկտրաէներգետիկայի զարգացման գերակա ճյուղ: Նրա խոսքերով՝ հիդրոէներգետիկան այլընտրանքային ու էկոլոգիապես մաքուր է ու միտված է շրջակա միջավայրի պահպանմանը. «Աշխարհում մաքուր էներգետիկայի աղբյուրին անցնելու միտում կա, իսկ Հայաստանը դրան համընթաց է քայլում»: Տիկին Նահապետյանը ժխտեց, թե ՀԷԿ-երի կառուցումը բնապահպանական խնդիրներ է առաջ բերում. «Բնապահպանական խախտումներ չեն արձանագրվում, խախտումները հնարավոր են զուտ տեխնիկական առումով, կառուցման փուլում են լինում, բայց դա չի նշանակում, թե հիդրոկայանները վնաս են ու պետք չեն: Միակ ստրատեգիկ ոլորտը, որը Հայաստանում կա, հիդրոկայանների շինարարությունն է. ինչքան հնարավորություն ունենք, պետք է կառուցենք: Ունենք ատոմակայան, բայց վառելիքը բերվում է դրսից: Հիդրոկայանները մեր ունեցած տեղական ռեսուրսների վրա են կառուցվում, չեմ ցանկանում, որ Հայաստանը նորից վերադառնա 90-ականներ: Բնապահպանական շարժումներ իրականացնողները պետք է լավ հասկանան, որ այն պահինո երբ ատոմակայանը կանգ առնի, չենք կարողանա ապահովել էլեկտրաէներգիայով: Ինչ վերաբերում է, թե ծառ են հատում, գետերը չորանում են, ասեմ, որ գետերի չորացման հարց չկա, որովհետեւ այն խողովակաշարը, որը գետ է մտցվում, նորից վերադարձվում է գետ, եւ ժամանակ առ ժամանակ բաց են թողնվում ջրի հոսքեր: Հիդրոկայանների զարգացումը ռազմավարական ծրագիր է, ու այն միանշանակ բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի համար: Մենք կախված չենք լինի ոչ մեկից»: Տիկին Նահապետյանի խոսքերով՝ միայն այս տարի 10 փոքր ՀԷԿ է շահագործման հանձնվել: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փոքր կայանում 5-6 աշխատատեղ է բացվել. «Կառուցվում են այն տարածաշրջաններում, որտեղ ուրիշ աշխատատեղեր չկան, փոքր ՀԷԿ-երը սոցիալական ծրագիր են նաեւ իրականացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930