Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի վախճանի կանխատեսումների մասին
Վերջին 15 տարվա ընթացքում այսօր առաջին անգամ խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվելու՝ ընդդիմության նախաձեռնությամբ: Օգտագործելով Սահմանադրության 77-րդ հոդվածը՝ խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունները, ընդհանուր առմամբ՝ 48 ստորագրությամբ, կարողացել են հրավիրել արտահերթ նիստ՝ ընտրական օրենսդրությունում փոփոխությունների առաջարկներով: Սահմանադրության համաձայն՝ ստորագրությունների նվազագույն անհրաժեշտ քանակը 44-ն էր՝ պատգամավորների 1/3-ը: ՀՀԿ-ական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ լուրջ չեն վերաբերվում սույն նախաձեռնությանը, ավելին՝ քվորում չապահովելով՝ պատրաստվում են տապալել արտահերթ նիստի աշխատանքները: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 ձայն, մինչդեռ Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միասին ունեն ընդամենը 53 պատգամավոր: «Մենք ունենք կառավարության եւ ԱԺ աշխատակազմի եզրակացությունները, որտեղ որոշակի առարկություններ կան ընտրական բարեփոխումների մեր առաջարկած փաթեթին: Ամենակարեւորը երկու առարկություններն են, թե մեր ներկայացրած առաջարկներում զինվորների մասնակցության սահմանափակումը հակասահմանադրական է, իսկ քվեարկված ցուցակները հրապարակելու պահանջը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Առաջարկություն եմ անում ՀՀԿ-ին՝ եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի եւ ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նաեւ ասաց, որ ՀԱԿ-ը «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» այսօր, ժամը 14-ին, հրավիրում է ԱԺ շենքի մոտ՝ մինի հանրահավաքի:
Այս առիթով երեկ «Առավոտը» զրուցեց ՀԱԿ համակարգող, խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
Կարդացեք նաև
– ՀՀԿ-ական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ հստակ հայտարարել են, որ տապալելու են արտահերթ նիստի աշխատանքները: Կա՞ գործողությունների ծրագիր, նախատեսվա՞ծ են որոշակի քայլեր, որոնք պետք է իրականացվեն արտահերթի տապալումից հետո:
– Մեր կողմից որոշում կա, եւ այս հարցով շահագրգռված բոլոր ակտիվ քաղաքացիներին հրավիրում ենք ԱԺ-ի մոտ՝ ակցիայի:
– Համատեղ որոշում չկա՞:
– Համատեղ որոշում չկա:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ հենց վաղվա ակցիայով ՀԱԿ-ը վերսկսի ակտիվ հանրահավաքային փուլը:
– Պետք չէ կապել դրա հետ, բայց ես չեմ բացառում, որ ավելի ակտիվ հանրային միջոցառումներ կլինեն:
– Մոտավոր ժամկետները պա՞րզ են, ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկվե՞լ է այդ հարցը:
– Ոչ, մենք ոչ մի ժամկետ դեռ չենք քննարկել:
– Տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ ժամանակին ՀԱԿ-ին անդամակցած գործիչներ, կարծիքներ հայտնեցին, որ եթե առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ուրեմն ՀԱԿ-ը վերջնականապես կկազմաքանդվի: Համաձա՞յն եք նման դիտարկումների հետ:
– Գիտեք, ես նման ապոկալիպտիկ մոտեցումները երբեք չեմ կիսում: Իհարկե, Կոնգրեսի ստեղծումը հիմնականում կապված է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված այս շարժման հետ: Առաջին նախագահը մեծ դեր է խաղացել քաղաքական ուժերի համախմբման մեջ եւ շարունակելու է խաղալ: Չգիտես ինչու, հիմա փորձում են ինչ-որ բաներով վախեցնել մեզ, ինչ-որ ապոկալիպտիկ կանխատեսումներ անել: Ես բացարձակապես չեմ կիսում դրանք:
Մեզ բոլորիս միավորել է գաղափարը, ընդհանուր սկզբունքների, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական համակարգերի առողջացման, ժողովրդավարության հաստատման համար պայքարը, եւ այդ արժեքները շարունակելու են միավորել մեզ մշտապես: Այսինքն՝ բոլոր այն մարդիկ, որոնց համար այս արժեքները կարեւոր են, նրանք շարունակելու են միասնաբար պայքարել:
– ՀԱԿ-ի համար իրավամբ ողբերգական չէ՞ ներկայիս իրավիճակը, եթե նկատի առնենք, որ դեռ մեկ-երկու տարի առաջ ՀԱԿ-ը հայաստանյան քաղաքական դաշտում կարեւոր գործոն էր, ՀԱԿ-ի քայլերի հետ հաշվի էին նստում…
– Ո՞նց էին հաշվի նստում: Ու նման վերլուծությունների արատը ես հենց դրա մեջ եմ տեսնում: Ո՞նց էին մեզ հետ հաշվի նստում՝ տարիներ շարունակ քաղբանտարկյալներին բանտերում պահելո՞վ, Ազատության հրապարակը օկուպացված պահելո՞վ, բոլոր ապօրինությունները շարունակելո՞վ:
– Ի տարբերություն քաղաքական կոնսուլտացիաների մասնակից մյուս քաղաքական ուժերի՝ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը քաղաքական կոնսուլտացիաներում կարեւորում է հենց լիդերի, միասնական թեկնածուի ով լինելը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը:
– Ինչպե՞ս կարելի է չկարեւորել լիդերի անձը, ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ եթե լինելու է ռեժիմին մարտահրավեր, հետո՝ թեկնածու, ուրեմն այդ թեկնածուն պետք է ունենա հսկայական անձնական կարողություններ, ունակություններ: Պարզ չէ՞, որ նա պետք է լինի մարդ, ով ունի համախմբելու համար անհրաժեշտ կարողություններ:
– Յուրաքանչյուր կուսակցություն իր առաջնորդին է տեսնում այդ դերում: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում համախմբումը:
– Դրա համար էլ բանակցություններ են վարում: Իհարկե, յուրաքանչյուրը տեսնում է իր լիդերին: Բանակցությունների սկզբում բոլորն էլ հենց էդպես են վարվում: Բայց բանակցություններն ուղղված են ընդհանուր լուծում գտնելուն: Հնարավոր կլինի՝ լավ է:
Ես կարծում եմ՝ ոչ ոք չի կարող կշտամբել մեզ նրա համար, որ մենք բանակցություններ ենք վարում: Եթե չվարեինք, դրա համար կարելի կլիներ կշտամբել, ասել՝ ինչո՞ւ քաղաքական ուժերն անգամ չնախաձեռնեցին համախմբման հնարավորություն: Բայց մենք նախաձեռնել ենք, բարեխղճորեն բանակցում ենք: Բոլորի մոտ կա այդ շահագրգռվածությունը: Ի՞նչ խնդիր կա: Ինչո՞ւ ենք մտահոգվել: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ է հասարակությունն այսքան անհամբեր: Կամ միգուցե հասարակությունը չի անհամբեր, այլ այն քաղաքական ուժերը, որոնք ուղղակի սարսափում են միասնականության կայացումից: Մենք բոլորս պետք է հանգիստ վերաբերվենք այս չափազանցված ակնկալիքներին, անհամբերությանը եւ հանգիստ շարունակենք բանակցությունները: Եթե այս լավ գործը ստացվի, դա ճանապարհ է բացելու երկրի վերափոխման համար:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ