Ժամեր առաջ mynews.am–ը տեղեկացրել էր, որ առավոտյան դասադուլ են արել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ: Նրանք դժգոհել են ջեռուցումից: «Առավոտ երիտասարդականը» գնաց խնդրի հետքերով: Ուսանողներից մեկը մեզ պատմեց, որ իրենց կուրսում հիվանդ ուսանողներ կան, ովքեր ճարահատյալ են եկել դասի, քանի որ բացակայությունները ազդում են գնահատականների վրա:
«Լսարաններում ցուրտ է, հիվանդանում են, գալիս են դասի, վարակում են ուսանողի, դասախոսի: Մենք նույնիսկ մոտեցել ենք դասախոսին, ասել ենք, որ չենք պատրաստվում ցուրտ լսարաններում դաս անել: Հետո ուսանողներով քննարկել ենք ու որոշել` դասին չմասնակցել եւ դասադուլ անել: Դրսում եղել է 70-ից ավելի ուսանող, դասերը չեն շարունակվել, բողոքել ենք, թե ինչի այլ համալսարաններում ամսի 15-ից արդեն ջեռուցում կա, իսկ մեզ մոտ չկա, հետո դեկանատից մեզ ասացին, որ արդեն ջեռուցումը կա եւ լսարաններում արդեն տաք է»,- ասաց ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողը:
ԵՊՀ-ի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ դասադուլից, իսկ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ հերքեց, որ իր ֆակուլտետի ուսանողները դասադուլ են արել:
«Շենքում ջեռուցում կա, իսկ ուսանողներն էլ նորմալ դաս են անում»,- ասաց նա: Բողոքի ակցիա են իրականացրել նաեւ ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները: Նրանք նույնպես դժգոհել են ջեռուցումից:
Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի բնորոշմամբ` ոչ թե բողոքել, այլ պարզաբանել են, թե ինչու ջեռուցում չկա համալսարանում: Նրա խոսքով, պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել: Կ. Գրիգորյանի խոսքով` ժամը 11-ի դրությամբ ջեռուցումն արդեն վերականգնված է եղել:
Արամ Արարատյան
Լուսանկարը` mynews.am-ի թղթակից Արփինե Արզումանյանի