Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է doing bussines-ում առաջին տեղը զբաղեցնել

Նոյեմբեր 21,2012 14:21

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ 2013 թ. պետական բյուջեն լիկվիդացման բյուջե է, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ երկրի պետական բյուջեում հստակ գրված է, որ մարդկանց եկամուտները նվազելու են: Իսկ «168 ժամի» տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ այս բյուջեն հերթապահ, գոյատեւման բյուջե է, որն իր մեջ որեւէ նոր բան չի կրում: Երկու տնտեսական մեկնաբաններն էլ կառավարության հայտարարած ցուցանիշների եւ իրականության միջեւ առկա խզման մասին հարցադրմանը պատասխանում են վարչապետի սիրած արտահայտությամբ՝ «մեթոդոլոգիայի խնդիր է»: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից:

Հայկ Գեւորգյան- Doing bussines-ի ցուցանիշներով՝ մենք 54-րդ տեղից բարձրացել ենք 32-րդ տեղը: Հասկանում եք, Հայաստանը 184 երկրների մեջ 32-րդ տեղում է՝ Ֆրանսիայից առաջ ենք անցել: Բայց այս նույն ընթացքում, երբ doing bussines-ում նման թռիչք արձանագրվեց, Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով:

«Առավոտ»- Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք նման ցուցանիշներ արձանագրել:

Հ. Գ.- Օ՜, դրա համար կառավարությունը պրոֆեսիոնալ աշխատանք է տարել: Այնքան էներգիա, որքան մեր կառավարությունը ծախսում է տարատեսակ զեկույցներում լավ տեղ գրավելու համար, եթե այդ էներգիայի 50 տոկոսը ծախսի իրոք տնտեսական քաղաքականություն վարելու վրա, Հայաստանը լուրջ առաջընթաց կունենա: Իրենք վերցնում, ուսումնասիրում են, թե ինչ բանաձեւերով են doing bussines-ում հաշվում տեղերը, տեսնում են, որ մի բան կա, որը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, բերում են օրենքում կամ կառավարության որեւէ որոշման մեջ փոփոխություն են կատարում՝ համապատասխանեցնելով այդ բանաձեւին: Օրինակ՝ որ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի խորհրդին ընկերության տնօրենը պետք է հաշվետու լինի կասկածելի գործարքների մասով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդհանրապես բաժնետիրական ընկերություններ չկան ըստ էության: Բայց սա doing bussines-ի փորձագետները համարել են որպես առաջընթաց, եւ միայն դրա շնորհիվ 110 կետով այդ ենթացուցիչում Հայաստանի դիրքերը բարձրացել են: Կարելի է տեսականորեն doing bussines-ում գրավել առաջին տեղը, ես ուղղակի համոզված եմ դրանում, պարզապես պետք է շատ ուշադիր նայել, լավ թիմ կազմել եւ տեսնել, թե որտեղ կարելի է համապատասխան փոփոխություններ անել:

«Առավոտ»- Բայց Ձեր խոսքերից հետեւում է, որ այդ ցուցանիշների բարելավումը Հայաստանի տնտեսությանը որեւէ տեսանելի բան չի տալիս:

Հ. Գ.- Տալիս է՝ օտարերկրյա ներդրումների 44 տոկոս նվազման տեսքով:

Բաբկեն Թունյան- Doing bussines-ը չի վերլուծում, թե իրականությունն ինչպես է զարգանում տվյալ երկրում: Այն դիտարկում է օրենքներն ու օրենսդրական փոփոխությունները: Եթե Հայաստանը լիներ այնպիսի երկիր, որտեղ անխտիր բոլոր օրենքները կիրառվեին, այդ ժամանակ արդյունքը տեսանելի կլիներ: Բայց մեզ մոտ բոլորս գիտենք, որ օրենքում գրվածը կարող է իրականությանն ընդհանրապես չհամապատասխանել: Այնպես որ՝ doing bussines-ի զեկույցն իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, քանի որ ներդրողը, բացի այդ զեկույցից, ուշադրություն է դարձնում շատ ավելի կարեւոր հարցերի եւ առաջին հերթին, թե այդ երկրում դատաիրավական համակարգը ինչ վիճակում է:

«Առավոտ»- Կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսվում է ստեղծել 100 հազար նոր աշխատատեղեր, իսկ կոնկրետ հաջորդ տարի ՀՀ ֆինանսների նախարարը խոստացավ բացել 10 հազար նոր աշխատատեղեր, ճիշտ է՝ նա դժվարացավ նշել, թե կոնկրետ որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացվելու: Եթե հաշվի առնենք, որ 2012 թ.-ն արդեն անցած է, իսկ 2013-ին էլ ընդամենը 10 հազար աշխատատեղ է ստեղծվելու, ի՞նչ եք կարծում, մնացած երեք տարում կառավարությունը կարողանալո՞ւ է խոստացած 90 հազար նոր աշխատատեղերը բացել:

Հ. Գ.- Ես կառավարությանն այդ հարցում հաջողություն եմ մաղթում, որովհետեւ իրենց իսկ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 80 հազար գործազուրկ կա: Եվ եթե կառավարությունը 100 հազար աշխատատեղ բացի, ապա 20 հազար աշխատող էլ պիտի ներգրավեն դրսից:

Բ. Թ.- «Արի տուն» ծրագիրն է դառնալու:

Հ. Գ.- Սա նույնպես ցույց է տալիս կառավարության չակերտավոր անկեղծությունը:

«Առավոտ»- Բայց չէ՞ որ իրականում Հայաստանում կա շատ ավելի, ըստ ոչ պաշտոնական թվերի՝ 240-260 հազար գործազուրկ:

Հ. Գ.- Ցույց տվեք ինձ պաշտոնական թիվը: Խնդիրն այն է, որ կառավարությունը բյուջեն կազմում է՝ հիմնվելով բացառապես պաշտոնական վիճակագրության տվյալների վրա:

«Առավոտ»- Կառավարության անկեղծության մասին. վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ մեծ էր գայթակղությունը ընտրություններից առաջ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, սակայն իրենք գերադասել են զերծ մնալ նման ամբոխահաճ որոշումից՝ երկիրը զերծ պահելու համար ավելորդ վտանգներից ու ցնցումներից: Ըստ Ձեզ՝ վարչապետն անկեղծ չէ՞ր:

Բ. Թ.- Շատ անկեղծ էր: Ընդդիմությունն այսօր ցանկանում է ավելի շատ ֆինանսավորում՝ թոշակների եւ աշխատավարձերի ավելացման համար, կառավարությունը պատասխանում է՝ մենք էլ կցանկանայինք, բայց հնարավորություն չունենք: Ու դա ներկայացնում են որպես իրատեսություն: Սակայն իրականում այդ հնարավորությունները կան: Հենց թեկուզ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու դեպքում: Ընդ որում, ստվերի ներկայացված 35 տոկոսը դեռ նվազագույնն է, իրականում այն շատ ավելի մեծ է, ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան 50 տոկոս: Եվ կարելի է մոտավոր հաշվարկ անել, թե այդ ստվերը մեկ կամ երկու տոկոսային կետով կրճատելու դեպքում քանի միլիարդ դրամ կարելի է բերել պետական բյուջե: Այնպես որ՝ այդ միջոցները կան, անհրաժեշտ է պարզապես լուրջ պայքար տանել ստվերի դեմ եւ խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: Իսկ դրա համար պետք է ոչ թե ինչ-որ փաստաթուղթ եւ թվեր, այլ քաղաքական կամք:

 

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

 

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930