Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան գործողություններ

Նոյեմբեր 21,2012 14:14

1978 թվականին խորհրդային հայտնի դիրիժոր Ալգիս Ժուրայտիսը «Պրավդա» թերթում հոդված էր գրել՝ իբր ի պաշտպանություն Չայկովսկու օպերայի, իսկ իրականում «ի հարձակումն» այդ օպերան մշակած կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի եւ ռեժիսոր Յուրի Լյուբիմովի, որն այդ ստեղծագործությունը պետք է բեմադրեր Փարիզում: Հոդվածը գրված էր այն խարազանող, մեղադրական ոճով, որով եւ հարկ էր արտահայտվել կուսակցական պաշտոնաթերթում, որի անմիջական ղեկավարն էր երկրի այն ժամանակվա գլխավոր գաղափարախոս Միխայիլ Սուսլովը՝ հենց նրա հրահանգով էլ նման «սպանիչ» հոդվածները ծնվում էին: Առայսօր էլ անկախ Հայաստանում իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցականները եւ նրանց խոսնակները, որոնցից շատերը գուցե չէին էլ լսել Սուսլովի անունը, շարունակում են գրել նույն ոգով՝ «մահացու հարվածներ» հասցնելով «գաղափարական հակառակորդներին»: Բայց հետաքրքիրն այստեղ Շնիտկեի ռեակցիան էր: «Այդ միջադեպից հետո ես դադարեցի նկատել Ժուրայտիսին»,- հիշում է կոմպոզիտորը հետագայում:

Նման պարագայում դա միակ ճիշտ տարբերակն է: Այսինքն՝ եթե խոսքը լեզվակռվի մասին է, ապա ճիշտը այն հնարավորինս շուտ «թարգելն է»: Թե չէ՝ մեր կուսակցականները, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ-ականները սիրում են «թեման» թեժացնել՝ «ես չեմ արձագանքի այս…», «ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այս…», «խորհուրդ կտայի ոմանց…», «կոչ կանեի որոշ գործիչների…» եւ այլն:

Նման մանր խայթոցների դեպքում ամենաբանական տարբերակը չպատասխանելն է: Իսկ եթե բարձրանանք միջպետակա՞ն հարաբերությունների մակարդակի: Այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Օրինակ՝ վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռուսաստանյան այն պաշտոնյաների «սեւ ցուցակը», ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, առնչվում են իրավաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությանը: Այդ դատախազներին, քննիչներին ու դատավորներին Ամերիկա չեն թողնի: Քայլն ինքնին անհեթեթ է, որովհետեւ ԱՄՆ դեսպանատներն առանց այդ էլ իրավունք ունեն մուտքի արտոնագիր չտալու ցանկացած օտարերկրացու,  ընդ որում՝ չբացատրելով դրա պատճառները: Ռուսները, բնականաբար, ավելի անհեթեթ պատասխան քայլն են անում՝ իրենց «սեւ ցուցակն» են պատրաստում, որի մեջ կմտնեն ամերիկացի այն զինվորականները, որոնք ռազմական գործողություններ են իրականացրել Իրաքում, Աֆղանստանում եւ Լիբիայում: Չպատասխանել ամերիկացիների «մկանային խաղին», կարծես թե, հնարավոր չէ, պատասխանն էլ շատ հիմար է ստացվում:

Եվ վերջապես՝ երբ «պատասխան գործողությունները» մարդկային հարյուրավոր ողբերգությունների են բերում: «Համասը» Իսրայելի վրա հրթիռներ է արձակել: Ի պատասխան այդ հանցագործության՝ Իսրայելը կատարել է տասնապատիկ ավելի մեծ հանցագործություն՝ Գազայի հատվածը դժոխքի վերածելով: Պատերազմն ընդհանրապես անհեթեթ բան է: Կարծում եմ՝ սովորական վեճը՝ նույնպես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930