«Դեռ ուշ չէ, որ մինչեւ դեկտեմբերի կեսը առավել հավաք եւ ուժեղ այլընտրանք ներկայանա հասարակության անունից՝ փետրվարյան ընտրություններին ընդառաջ»,- այսօր մամուլի ասուլիսում, խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ընթացող քաղաքական խորհրդակցությունների մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ թեեւ յուրաքանչյուրը հատվածական իր օրակարգն է ներկայացնում, բայց ընդհանրություններ կան ու եթե քաղաքական ուժերին հաջողվի հենց ընդհանրությունների վրա շեշտը դնել եւ ոչ թե տարբերությունների, ապա «դեկտեմբերը կարող է մեզ լրիվ այլ վիճակի բերել»: Բանախոսը ոչ միայն հնարավոր, այլ անհրաժեշտ է համարում միասնական թեկնածուի գոյությունը: Նա կոչ է անում նախագահական ընտրությունները չդիտարկել «թվաբանական մարտակոչ» ու նկատում է. «Եթե նոր Հայաստան, նոր նախագահություն եւ դե յուրե իշխանություն ենք ուզում, ապա հիմա, նրանք, ովքեր իրար հետ բանակցում են, եթե հավաքվեն ինձ հետ միասին հավաքական թեկնածուի շուրջ՝ դա կլինի հաղթող տարբերակ: Եթե բանակցող կուսակցությունները մինչեւ դեկտեմբեր հասկանան, որ հավաքական թեկնածուով ելնելով ինձ հետ միասին՝ մենք կստեղծենք նոր Հայաստան, մենք կունենանք այդ երկիրը: Իսկ եթե չէ, եթե ամեն մեկը գնա իր թեկնածուով՝ մենք երկար կսպասենք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ փաստորեն, ձեզ եք առաջարկում միասնական թեկնածու, բանախոսը պատասխանեց. «Ոչ դուք սխալ եք: Անցած անգամ ես սահմանել եմ թե ինչ է նշանակում հավաքական թեկնածու: Մարդ, որը պիտի ծառայի մի շրջան, որը բերելու է խորհրդարանական կառավարման համակարգ եւ որը հինգ տարի անց փոխանցելու է իշխանությունը մեկ այլ ուժի, մեկ այլ թեկնածուի: Եվ դրա համար, ես ասել եմ, որ մեծ պատիվ կզգամ ոչ թե երկրորդ շրջան ծառայել, այլ փոխանցել դե յուրե իշխանությունը հաջորդին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ