«Հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 20 տարի առաջ ու հայտագիրը, որով Լեհաստանը ճանաչում է Հայաստանին ու նրա անկախությունը, կարեւոր փաստաթուղթ է։ Բացի այդ, այն սկզբունքը, որով առաջնորդվել է Լեհաստանը, հանուն երկու երկրների ժողովրդավարության ու խաղաղության՝ կարեւոր ու հեռանկարային է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, հավելելով, որ երկրները համագործակցում են միմյանց հետ տարբեր ոլորտներում ու այն հարաբերությունները, որոնք հաստատվել են մեր երկրների միջեւ, հիմնված են փոխադարձ համագործակցության վրա եւ շարունակական բնույթ են կրելու։
Պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրոպական միության (ԵՄ), եւ Եվրասիական միության միջեւ՝ դեսպանը նշեց. «Եվրասիական միությունը ընդամենը տեսություն է, գաղափար, նախագիծ: Իսկ Եվրոպական միությունը 27 երկրների միություն է եւ ունի 55 տարվա փորձ, սկզբունքներ, գործընթացներ ու չափանիշներ, որոնք նաեւ ընդհանուր արժեքներ են: ԵՄ-ն կարողանում է ճանապարհ գտնել ճգնաժամային իրավիճակներում: Իսկ Եվրասիական միությունը ընդամենը տեսություն է, ու ոչ մեկը չի կարող ներկայացնել նրա կարգավիճակը, կամ՝ ղեկավար կազմին, կամ ՝ հասցեն, որով օրինակ, կարող ես նամակ ուղարկել, կամ էլ՝ ասենք ուզում եմ խոսել Եվրասիական միության ներկայացուցչի հետ, ո՞ւմ հետ կապ հաստատես…»:
Դեսպանը նաեւ հավելեց, որ փորձ է արվել ամրապնդել ԵՄ քաղաքականությունը՝ առաջ քաշելով Արեւելյան գործընկերության առաջխաղացումը. «Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ այդ ժամանակաշրջանում խոսվեց վիզաների տրամադրման հեշտացման մասին»,- տեղեկացրեց Զդիսլավ Ռաչինսկին ընդգծելով, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատվել է ազատ առեւտրի գոտի եւ այս առումով համագործակցությունը՝ ակտիվ է:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ