«Միջազգային օլիմպիադան շատ լավ էր կազմակերպված, մեզ ջերմ ընդունեցին եւ բավականին լավ ժամանակ անցկացրեցինք, մասնակցում էինք էքսկուրսիաներին ու շատ հետաքրքիր էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Գեւորգ Մարտիրոսյանը:
2012 թ. դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական՝ նվաճելով 16 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ, 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիադաները գրավել են մրցանակային տեղեր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ամեն հայ երեխա իր արժեքն ունի. «Հույսեր, որ մեր աշակերտները լավ հանդես կգան, իհարկե, ունեինք: Գիտենք մեր աշակերտի պոտենցիալը, ունենք փայլուն երեխաներ, որոնք ստանում են լավ կրթություն՝ Երեւանից անտեսանելի մարզային դպրոցներում: Այն աշխատանքը, որ արվում է, տալիս է իր պտուղները: Ունենալով այս տարվա փայլուն ցուցանիշը՝ ամեն ինչ կանենք, որպեսզի մյուս տարի էլ ավելի լավ ցուցանիշ գրանցվի: Փառք ու պատիվ մեր երեխաներին»:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան նվաճել էր 18, իսկ Իրանը՝ 16: Հայաստանի գրանցած ցուցանիշը իսկապես աննախադեպ, լավ արդյունք էր, հատկապես, երբ համեմատվում ենք ազգաբնակչության քանակով:
2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով մասնակից 17 երկրի հավաքականների շարքում Հայաստանը գրավել է 5-րդ պատվավոր տեղը: Անդրկովկասի մյուս երկու երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են, համապատասխանաբար, 14-րդ եւ 15-րդ տեղերը:
Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին, համապատասխանաբար՝ 14, 2005-ին՝ 10, 2006-ին՝ 5, 2007-ին՝ 8, 2008-ին՝ 5, 2009-ին՝ 7, 2010-ին՝ 7, 2011-ին՝ 6 մեդալ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ