ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի քննադատությունը, որ ՀՀԿ-ի՝ արտահերթ նիստին չգալը բոյկոտ չէ, փախուստ է՝ պատասխանեց. «Թույլ տվեք մեզ մենք որոշենք սա ինչ է, էլի: Սա քաղաքական պայքարի ձեւ է: Սա ոչ քաղաքական կապրիզ է, ոչ տունտունիկ է: Սա քաղաքական պայքար է: ՀՀԿ-ն ասել է, որ մենք նպատակահամար չենք գտնում եւ պատճառները միայն քաղաքական են: Սա քաղաքականության ձեւ է, որը ԱԺ կանոնակարգում ընդունված է անվանել քաղաքական բոյկոտ: Իսկ ով է փախուստ համարում…բան: Եթե փախուստ է, այն պատգամավորները, որ չեն եկել, նրանք է՞լ են փախել:
Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական ընդդիմախոսներն ու այլընտրանքի ներկայացուցիչները հանդուրժողականության պակաս ունեն, եւ պետք է այդ հանդուրժողականության դասերն անեն Հանրապետականի մոտ, որովհետեւ կարելի է լինել ընդդիմություն, բայց պետք է լինել հանդուրժող: Պետք չի ջղաձգումների մեջ ընկնել: Մենք երբեք վատ չենք զգում եւ երբեք շոուներ չենք անում, երբ ընդդիմությունը կամ այլընտրանքը չի մասնակցում քվեարկությանը, բոյկոտում է կամ դեմ է քվեարկում: Սա նորմալ է: Սա քաղաքական պայքար է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ