Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ արտահերթ նիստի գումարումը օրենքի հրամայական պահանջ է

Նոյեմբեր 21,2012 13:08

Սույն հրապարակման առիթը Հանրապետական իմաստակների այն լկտի սպառնալիքն է, թե իբր քվորումի բացակայության հիմունքով իրենք պատրաստվում են խափանել այսօրվա ԱԺ արտահերթ նիստի կայացումը։ Մինչ այս սպառնալիքի ըստ էության գնահատումը, սակայն, պարզենք, թե արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է, ավելի ճիշտ, իրավունք ունի՞ խափանել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով հրավիրված արտահերթ նիստի գումարումը։ Իրավագիտության տեսակետից պատասխանը միանշանակ «ո՛չ» է, քանի որ դա օրենքի հրամայական պահանջ է՝ ամրագրված ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդածում. «Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային Ժողովի նախագահը՝ Հանրապետության նախագահի,պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ։ Սահմանադրական այս դրույթը բառացիորեն նույնությամբ կրկնված է նաեւ ՀՀ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 41-րդ հոդվածում։

Դրույթը, հետեւաբար, հրամայական է այնու, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը ոչ մի, այդ թվում՝ քվորումի բացակայության հիմունքով չի կարող չգումարվել։ Իսկ դա նշանակում է, որ Ազգային Ժողովի նախագահը պարտավոր է ոչ միայն այդ նիստը գումարել, այլեւ անհրաժեշտ քվորում ապահովել՝ առաջնորդվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով, որի համաձայն՝ «Պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային Ժողովի նիստերին»։

Այլապես Սահմանադրությամբ խորհրդարանական փոքրամասնությանը տրված այդ իրավունքն ամբողջովին կորցնում է իր իմաստը՝ վերածվելով լիակատար դատարկաբանության։ Եթե Սահմանադրությամբ վերապահված որեւէ իրավունք անհնար է ինչ-որ պատճառով իրացնել, ապա այն դառնում է միանգամայն ավելորդ, ինչն անհարիր է սահմանադրականության էությանը։ Տվյալ պարագայում խնդրո առարկա իրավունքի առկայության ողջ իմաստը հենց այն է, որպեսզի, դրանից օգտվելով՝ խրհրդարանական փոքրամասնությունը գոնե հնարավորություն ունենա որեւէ հարցի վերաբերյալ հասարակությանը ներկայացնել իր տեսակետը։

Այնպես որ, Հանրապետականները կամ իշխող կոալիցիան, ուզեն թե չուզեն, միեւնույն է, պարտավոր են մասնակցել արտահերթ նիստին, եւ իրենց վերաբերմունքն արտահայտել ոչ թե քվորումի բացակայության, այլ քննարկման արդյունքում կայանալիք քվեարկության միջոցով։ Իսկ եթե, հակառակ Սահմանադրության եւ բանականության թելադրանքին, առաջնորդվելով «խելագարության կանխավարկածով», նրանք այնուամենայնիվ ընտրեն արտահերթ նիստի տապալման ճանապարհը, ապա դա այլ բան, քան ամբարտավանության, գավառական «զոռբայության» կամ լիակատար իրավական տգիտության արտահայտություն չի կարելի անվանել։

Նկատի ունենալով վարչախմբի ու նրա կամակատարների անսահման արատավորությունը, անշուշտ, չի կարելի բացառել, որ նրանք կընտրեն հենց այդ ճանապարհը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վհատվի եւ հրաժարվի իր սահմանադրական իրավունքի իրացման մտադրությունից։ Արտահերթ նիստի չկայացման պարագայում նա անմիջապես պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ խնդրի սահմանադրականության անհապաղ քննության պահանջով։ Կարող են առարկել, թե Սահմանադրական դատարանն, իր սովորության համաձայն, կրկին կարդարացնի վարչախմբի հերթական օրինազանցությունը։ Ոչինչ, դա էլ է արդյունք. թող այդպես վարվի ու մեկ անգամ եւս թող վարկաբեկվի, թեեւ դժվար է պատկերացնել՝ ավելի վարկաբեկվել հնարավո՞ր է արդյոք։

Բացի իրավականից, հարցն ունի նաեւ կարեւոր քաղաքական բաղադրիչ։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ նախաձեռնությունը ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Իհարկե, սխալ է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր սա եզակի երեւույթ է վերջին տասնհինգ տարիների ընթացքում։ Նախադեպեր իրականում եղել են, բայց բոլորն էլ, ցավոք, տապալվել են կա՛մ այդ նույն չարաբաստիկ քվորումի բացակայության պատճառով, կա՛մ էլ Սահմանադրական դատարանի օրհնությամբ։ Ընդդիմությունն այս անգամ իրավունք չունի նման բան թույլ տալու, եւ օրինականության շրջանակում պետք է անի ամեն ինչ՝ իր նպատակին հասնելու համար։

Լևոն Տեր-Պետրոսյան

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930