Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՞թե հավատում են, որ հնարավոր է տարածքային մարմինը, առանց Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ քաղխորհրդի հետ խորհրդակցելու որոշի, թե ում է սատարելու

Նոյեմբեր 21,2012 12:44

 ՀԱԿ-ամերձ շրջանների ու քարոզչամիջոցների, առանձին գործիչների հիմնական թեման Գյումրիում տիրող իրավիճակն է դարձել: Ավելին՝ այդ իրավիճակը կարող է հանգուցալուծվել նրանով, որ ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղը, դեռ մի կարգին թափ չհավաքած, փոզմիշ լինի, այսինքն՝ ավարտվի ոչնչով:
Սկզբունքորեն առաջին հայացքից կարծես արտառոց ոչինչ էլ չի եղել: Ընդամենը «Բարգավաճ Հայաստանի» Շիրակի մարզի տարածքային խորհուրդը որոշել է, որ դեկտեմբերի 2-ին նշանակված ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 35 մեծամասնական ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի թեկնածությունը:

Իսկապես էլ, ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, եթե նկատի ունենանք, որ ոչ այնքան վաղուց ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեց եւ, ըստ էության, սատարեց ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի թեկնածությունը, որն էլ հենց ընտրվել է երկրի երկրորդ խոշոր քաղաքի քաղաքապետ: Պարզ ասած՝ մարդը «պարտքը» վերադարձնում է:
Բայց: Այս դեպքում շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպես այդ փաստին արձագանքեցին «դաշտի» մյուս խաղացողները: Իսկ այդ մյուս խաղացողները, հատկապես ՀԱԿ-ի տարամետ թեւերի ներկայացուցիչները, փոթորկահույզ արձագանքեցին:
Դե, ինչպե՞ս չարձագանքեին: ՀԱԿ-ի մի մասը, ի դեմս Լեւոն Զուրաբյանի, համարյա գլուխը կորցրել է ԲՀԿ-ի հետ միավորվելու հեռանկարից, «կոնսուլտացվում» են, խորամանկ ժպիտով խոսում «միասնական թեկնածուի» տարբերակը չբացառելու մասին եւ… խնդրեմ, ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններում սատարում է ՀՀԿ թեկնածուին:

Իսկ ՀԱԿ-ի այն թեւը (Ն.Փաշինյան, Հ.Բագրատյան եւ մյուսներ), որ դեմ է ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությանը, ոգեւորվել է, հնարավոր է, անգամ, չարախնդում է եւ բացականչում՝ «բա որ կըսեի՜նք…»:
Եվ հետո, կան հարցեր:
Բանն այն է, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանի մրցակիցը ՀԱԿ ներկայացուցիչ, Գյումրու տեղական կառույցի համակարգող Մուրադ Գրիգորյանն է: Եվ հենց այստեղ էլ ծագում են առաջին հարցերը: Այդ հարցերից մեկը երեկ ՀԱԿ-ական թերթերից մեկն այսպես էր ձեւակերպել. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀԿ-ի դեմ անխոնջ պայքար հայտարարած ԲՀԿ-ն պաշտպանում է ոչ թե Սերժ Սարգսյանի ոեժիմի կործանումը թիվ մեկ նպատակ հայտարարած ՀԱԿ-ի թեկնածուին, այլ հենց ՀՀԿ-ի թեկնածուին»:
ԲՀԿ-ն կրակագիծ է նետել իր խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, եւ երիտասարդ պատգամավորը տքնաջան շարունակում է կրկնել, թե ախր դա ընդամենը մարզային կառույցի որոշումն է, թե դրանից չպետք է հեռուն գնացող հետեւություններ արվեն, եւ այլն, եւ այլն:

Բանն անգամ զավեշտի է հասնում: Օրինակ, նախօրեին, իր բազում մեկնաբանություններից մեկում, երբ նրան հարցրել են, թե՝ հնարավո՞ր է այդ օրինակով ԲՀԿ առանձին կառույցներ որոշում կայացնեն նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ, Տ.Ուրիխանյանը նշել է. «Իհարկե՝ ոչ։ Իհարկե ազատ չեն։ Խոսքը տեղական ընտրությունների մասին է գնում, տեղական` իրենց տարածքին վերաբերող։ Համապետական ընտրությունների վերաբերյալ ո՞նց կարող են տարածքայիններն առանձին որոշում ունենալ»։

Իսկ ինչո՞ւ չեն կարող: Շատ էլ հնարավոր է, եթե ԲՀԿ-ն այնքան ապակենտրոն կուսակցություն է դարձել, որ տարածքային կազմակերպությունները լրիվ ինքնուրույն ու ինքնավար, «կենտրոնից» բացարձակապես անկախ, որոշում են, թե Ազգային ժողովի ընտրություններում թեկնածուներից հատկապես որ մեկին սատարեն, իսկ որին՝ ոչ: Առավել եւս մի իրավիճակում, երբ ԲՀԿ առաջնորդը դրանից ընդամենը մի քանի օր առաջ նույն այդ տարածքում էր եւ կիսաքննադատական ելույթ ունեցավ:
Եվ, ի դեպ, Տ.Ուրիխանյանին բարեկամաբար հուշենք, որ ԱԺ լրացուցիչ ընտրությունները, այնուամենայնիվ, «տեղական» չեն, ինչպես նա ջանում է ներկայացնել: Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմնի (ավագանու) անդամ չի ընտրվելու, այլ երկրի խորհրդարանի պատգամավոր: Խորհրդարան, որտեղ ամեն մի ձայն ընդդիմության ու նրան իբրեւ թե հարող ԲՀԿ-ի համար պետք է որ կարեւոր լինեին: Այնպես որ, կարգավիճակի առումով, դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիքն էլ համապետական ընտրություններ են, ուղղակի՝ առանձին վերցրած 2 ընտրատարածքում՝ թիվ 1 եւ թիվ 35:

Հետաքրքիր է, ի միջի այլոց, թե ԲՀԿ Ավանի ու Նոր Նորքի տարածքային կառույցներն ի՞նչ որոշում են ընդունել թիվ 1 ընտրատարածքի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու վերաբերյալ:
Է՛լ ավելի ծիծաղելի է ՀԱԿ-ի պաշտոնական արձագանքը «Գյումրվա անոմալիային»: Այստեղ էլ առաջին գիծ են հրել խոսնակ Արման Մուսինյանին: «Սա ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը չի: Տարածքային կառույցի որոշումը չի նշանակում, որ սա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է: Ես տարածքային կառույցի որոշումը չեմ մեկնաբանում»,- ասել է Ա.Մուսինյանը, որ սովորաբար մեկնաբանում է աշխարհում ամեն ինչ: Իհարկե, հիմա ճիշտը չմեկնաբանելն է, մեկ էլ տեսար՝ յուղն ուղիղ կրակին լցվեց։

Լավ, մի՞թե այս երիտասարդ գործիչներն ու նրանց լրագրողների ճանկը նետած երեց կուսակցականները իսկապես հավատում են, որ, ասենք, ԲՀԿ-ի դեպքում հնարավոր է նման բան՝ տարածքային մարմինը, առանց Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ քաղխորհրդի հետ խորհրդակցելու, լրիվ ինքնուրույն, ինքնագլուխ որոշի, թե ում է սատարելու:
Այնպես որ, ինչքան էլ խոսնակները փորձեն ոլոր-մոլոր մեկնաբանություններ հորինել կամ չհորինել, ընդհանրապես փաստը մնում է փաստ. երկրի կառավարման մոդելը վերանայելու «տիեզերական» խնդիրներ առաջադրելով ու դրանք լուծելու նկրտումներով լա՜յն համագործակցության խնդիր դրած ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ալեկոծության ու ներքին փոթորիկների մեջ ընկան «լոկալ» ու փոքրիկ թվացող ընդամենը մեկ թեթեւ հպումից:
Ըստ էության, ԲՀԿ մարզային կամ տարածքային կառույցի դիտարկված որոշումն ընդամենը լակմուսի թուղթ էր, որը եւս մեկ անգամ առավել քան պարզորոշ ցույց տվեց, թե որքան խախուտ են նախագահական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ԲՀԿ զոդվածք ստանալու նախադրյալներն ու հեռանկարները:

 

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930