Ադրբեջանցու գլխավորած հանցախումբը կասկածվում է ծանր հանցագործությունների, այդ թվում` սպանությունների մեջ։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտնեց, որ իրավապահները, քրեական հետախուզության աշխատակիցները, համագործակցելով Մոսկվայի ոստիկանության տարբեր օղակների եւ հատուկ ջոկատայինների հետ, մայրաքաղաքում ձերբակալել են միջազգային հանցավոր խմբավորման ղեկավարին, որը Ադրբեջանի քաղաքացի է։
Խմբավորման անդամները կասկածվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
Հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալվածը Ադրբեջանի քաղաքացի է, 43 տարեկան, մականունն է «Կաղ Նազիմ»։ Նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել չորս մարդու պատվիրված սպանություններ կատարելու կասկածանքով։ Նա թաքնված էր ապրում, պարբերաբար փոխել է բնակության վայրը, կեղծ անձնագրեր է ունեցել։ Նրա խմբավորման անդամները եւս կարող են առնչություններ, մեղսակցություն ունենալ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի եւ Լենինգրադի մարզերում իրականացված մի շարք պատվիրված սպանությունների։
Կարդացեք նաև
Ձերբակալության ժամանակ «Կաղ Նազիմի» մոտից TT տիպի ատրճանակ է հայտնաբերվել, ինչպես նաեւ Ադրբեջանի հանրապետության կեղծված անձնագիր։
Ներքին գործերի նախարարության կայքէջում նաեւ տեսանյութ է տեղադրված, որը ցույց է տալիս, թե ինչպես են դիմակավորված հատուկ ջոկատայինները ձերբակալվածին հանում շենքից, մոտեցնում ավտոմեքենային։ Հայտնաբերված ատրճանակի մասին նա ասում է, որ դա իրենն է, վաղուց է ձեռք բերել: Տեսանյութում «Կաղ Նազիմը» ասում է նաեւ, թե ենթադրում է, որ իրեն ձերբակալել են սպանությունների հետ կապված գործերով։
Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան