Ադրբեջանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շամիլ Ալիմջանովը Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանն իրենց մասնակցելու մասին զրուցել է «Azerisport»-ի հետ: Նրա խոսքերով, իր սաները հոգեբանի կարիք չունեն: «Ամեն մի մարզիչ իր թիմում նաեւ հոգեբան պետք է լինի: Մենք տղաների հետ հանդիպում ենք ամեն օր, ուսումնասիրում մրցակիցներին, խոսում մրցաշարի մասին: Նրանք գիտեն, թե Հայաստանում իրենց ինչպես պետք է պահեն», – ասել է մարզիչը:
Լրագրողի հարցին, թե տեղի հասարակությունից սադրանքներ սպասո՞ւմ է, Ալիմջանովը պատասխանել է. «Մենք գիտակցում ենք, որ հանդես ենք գալու Երեւանում:Մարտերի ընթացքում ամեն բան հնարավոր է: Պետք է կարողնալ զսպված լինել: Մեր գլխավոր ուժը բռնցքամարտն է: Ամեն մի մարզիկ իր խոսքը պետք է ռինգում ասի: Մյուս կողմից, Հայաստանը մեզ բոլոր երաշխիքները տվել է»:
Ադրբեջանի երիտասարդական հավաքականը Երեւան ժամանելու է նոյեմբերի 26-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ