Ալվարդ Պետրոսյանը հայտարարել է, թե առաջիկայում մենք ոչ թե նախագահ ենք ընտրելու, այլ ազգապետ, ով պիտի վառոդի հոտից չվախենա, ընդ որում՝ ինքը նույն բանն ասել է 2003-ին Քոչարյանի մասին, իսկ հիմա վիճակն ավելի վատ է, եւ հիմա նա այդ դերում տեսնում է Սերժ Սարգսյանին։
«ՉԻ»- Եկեք իրար ճիշտ հասկանանք։ ՀՀ Սահմանադրության մեջ ազգապետ ընտրվելու մասին ոչ մի խոսք չկա, առավել եւս՝ խոսք չկա այն մասին, որ թեկնածուները պիտի գրանցվելուց առաջ վառոդ հոտոտեն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ուրեմն՝ 2003-ին մենք «ընտրեցինք» վառոդի հոտից չվախեցող Քոչարյանին, բայց «ազգապետն» այնպես կառավարեց երկիրը, որ հիմա վիճակն ավելի վատ է։ Եվ ի՞նչ է առաջարկում Ալվարդ Պետրոսյանը։ Ճիշտ նույն կերպ վարվեց նաեւ հիմա այս անգամ էլ ազգապետ ընտրելով վառոդի հոտից չվախեցող Սերժ Սարգսյանին։ Իսկ մի քանի տարի անց, երբ պարզվի, որ երկրի վիճակն ավելի է վատացել, Ալվարդ Պետրոսյանը կառաջարկի արդեն ոչ թե ազգապետ ընտրել, այլ «վոժդ», որն ամեն առավոտ ատամները վառոդով է լվանում։ Այ դա իսկապես փրկություն կլինի Հայաստանի համար:
«Չորրորդ ինքնիշխանություն»