Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե արդարադատության նախարարի ելույթի հատկապես ո՞ր հատվածից հասկացաք, որ նրա համար այսօր էլ սովորական բան է, որ դատապարտյալները բերանը, աչքը կարում են: Նա պատասխանեց. «Պնդումը, որ այո՛, դա սովորական բան է, 13-14 անգամ անում են, այսինքն դա սովորական է: Բայց նույնիսկ եթե մարդը դիմում է այդ քայլին 13-14 անգամ, 14 անգամ էլ այդ դեպքը պիտի լինի արտասովոր, պիտի լինի ոչ նորմալ, պիտի լինի նորմայից դուրս՝ սա է խնդիրը: Ես կարծում եմ, որ չպիտի հարգարժան նախարարն այդպես էմոցիոնալ արձագանքի հարցադրմանը: Նույնիսկ եթե մարդը 100 անգամ դիմում է այդ քայլին, 100 անգամ եւս դա պիտի լինի ոչ սովորական, արտառոց: Ինձ համար հասկանալի չէր փոխանցել այս խնդիրը քաղաքական դաշտ՝ ասելով, որ քաղաքական ուժը, որը ամբիցիաներ ունի….գիտեք, ես ասել եմ եւ կրկնում եմ՝ մաքսիմալիզմը որեւէ հարցում որեւէ լավ բանի հանգեցնել չի կարող: Ես կարծում եմ, որ մենք պիտի փորձենք արդարադատության նախարարության հետ խնդիրները կարգավորել: Դա մեկ անգամով չի սահմանափակվելու: Մենք հետեւողական ենք լինելու այս դաշտում խնդիրների լուծման համար, բերել օրենսդրական դաշտ այն խնդիրները, որոնք ենթական են օրենսդրական լուծման»:
Նաիրա Զոհրաբյանին չի մտահոգում, որ քրեակատարողական վարչության պետը չի գալիս խորհրդարանական լսումներին: Ըստ նրա, նախարարն ինքը լծակներ ունի, վերադաս մարմին է. «Ցավոք, անմիջական երկխոսություն չստացվեց, բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նաեւ նախարարության հետ օպտիմալ աշխատել: Լուծումները նաեւ երկուստեք պիտի գտնենք՝ ներգրավելով քաղաքացիական սեկտորին, նաեւ ներգրավելով օմբուդսմենի աշխատասենյակին: Համակարգային լուծումներ պետք է փորձենք գտնել՝ տարբեր կառույցների հավաքական աշխատանքի արդյունքում: Սա միայն խորհրդարանի լուծելիք խնդիրը պիտի չլինի: Պիտի համատեղենք ջանքերը, եւ ինչքան լինենք հանդուրժող միմյանց տեսակետների, կարծիքների հանդեպ եւ ինչքան չփորձենք քաղաքականացնել խնդիրը, այնքան ավելի հեշտ կգտնվեն լուծումները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ