Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի հարցազրույցից:
– Լավ, ի վերջո, ԲՀԿ–ն Քոչարյանի՞ հետ խնդիրներ ունի, թե՞ Սերժ Սարգսյանի։ – ԲՀԿ-ն ոչ մեկի հետ էլ խնդիր չունի, ԲՀԿ-ն ունի քաղաքական կուրսեր եւ դրա մասին բազմիցս հայտարարել է, համարձակ խոսում է։
– Իսկ կոնկրետ Սերժ Սարգսյանի՞։
Կարդացեք նաև
– Չունի ոչ մեկի հետ։
– Այդ դեպքում ԲՀԿ–ն ինչի՞ է սպասում, եթե ոչ մեկի հետ խնդիր չունի, անգամ Սերժ Սարգսյանի, ինչո՞ւ չի սատարում նրան։
– Դա էլ ռազմավարություն է, կգա օրը՝ կպատասխանենք։ Դուք ըտենց անընդհատ գուշակություններ անելով կամ ասենք հարցեր տալով… ախր տենց չի կարելի, էլի՛։ Դուք այնպիսի հարցեր եք տալիս՝ ո՞վ այսօր անձնական խնդիր ունի մեկը մեկի հետ… ոչ մի անձնական խնդիր էլ չունենք։ Այսօր կա քաղաքականություն, բոլորն էլ շահագրգռված են, որ երկիրն ավելի լավ կառավարվի, ավելի լավ արվի ժողովրդի համար։ Թե չէ էդ անձնական բաները թողե՛ք։
– Այսինքն՝ Ս. Սարգսյանի հետ անձնական խնդիր չկա, բայց նրան սատարելու հետ կապված ի՞նչ խնդիր կա։
– Ոչ մի խնդիր չկա, կգա օրը՝ կհայտարարենք, կիմանաք։ Էսքանը, լա՞վ։
– Բայց անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է ԲՀԿ–ն «պոչ խաղացնում», եթե որեւէ խնդիր չունի որեւէ մեկի հետ, առավել եւս՝ այն մարդու հետ, ում հետ հուշագիր է ստորագրել նախագահական ընտրություններում սատարելու համար։
– Բայց ինչո՞ւ է «պոչ խաղացնում», ինչո՞ւ եք նման որակավորում տալիս, ինձ թվում է՝ բոլորն են մեր քաղաքական դաշտում «պոչ խաղացնում» ինչ-որ մի ժամանակ, եթե դա կարելի է «պոչ խաղացնել» կոչել։ ԲՀԿ-ն ի՞նչ վիճակում է հայտնվել, ԲՀԿ-ն շատ լավ վիճակում է, ոչ մի խնդիր չունի։
– Նշվում է նաեւ, որ ԲՀԿ–ի այսօրվա միակ խնդիրն այն է, որ ՕԵԿ–ի կարգավիճակում չհայտնվի՝ դառնալով ՀՀԿ-ի «արբանյակը»։
– Եկե՛ք թողնենք այդ համեմատությունները ՕԵԿ-ի, սրա, նրա հետ։ Մենք այս տարիների ընթացքում մեր կուրսի մասին խոսել ենք, ասել ենք մեր պահվածքով։ Տեսա՞ք՝ մի քանի օր առաջ երիտասարդների համար համերգ էր կազմակերպվել, թե ինչ կարգավիճակում ինչ կլինի, մենք կմտածենք՝ կասենք, ոչ մեկը թող մեր մասին շատ չմտածի, լա՞վ։
– Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում ԲՀԿ–ի կողմից իրականացվող կոնսուլտացիաներին։
– Ես հենց հիմա կգնամ բախտագուշակի մոտ, ու կորոշենք, թե ինչ է լինելու: Ի՞նչ իմանամ՝ ինչ է լինելու, կլինի՝ կասենք։ Չեմ ուզում որեւէ բան ասել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»