ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 10 ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է միջին աշխատավարձի նվազում 0.2 տոկոսով, ընդ որում՝ պետական հիմնարկներում նվազումը կազմել է 1.9 տոկոս։ Եթե սրան ավելացնենք նաեւ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, պաշտոնապես արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ, ապա կստացվի, որ մարդկանց գնողունակությունը մեկ ամսվա ընթացքում նվազել է 2-3 տոկոսով։ Ըստ ԱՎԾ-ի երեկվա հրապարակման, այս տարվա առաջին 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), անցած տարվա համեմատ, աճել է 7.2 տոկոսով։ Սա ՏԱՑ-ի աճի ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։ Մասնավորապես, առաջին 9 ամիսներին ՏԱՑ-ի աճը կազմել է 7.6 տոկոս, առաջին 8 ամիսներին՝ 8.3 տոկոս, առաջին 7 ամիսներին՝ 7.7 տոկոս եւ այլն։ Ընդհանրապես, նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալներով, ՀՀ տնտեսական ցացանիշներն օրեցօր վատթարանում են:
«Հայկական ժամանակ»