Այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանը եւ Թեւան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ի խորհրդակցություններին իրենք շատ լուրջ են վերաբերվում. ««Ժառանգությունը» կենտրոնանալու է իր թեկնածուի խնդիրների վրա: Բայց այսօրվա դրությամբ պետք է ողջունել ցանկացած համագործակցություն, որը տեղի կունենա քաղաքական դաշտում: Մեր պատմության ամենամեծ խնդիրը եղել է պառակտվածությունը»:
Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ԲՀԿ խորհրդակցություններից կողմերը դուրս գալիս ու ասում, որ սրանից ավելի բան չենք կարող ասել, ի՞նչ եք գաղտնի պահում՝ Վահան Բաբայանը վստահեցրեց, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն երկու կետ է առաջարկել՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու եւ 100% համամասնական ընտրակարգին անցնելու:
Անդրադառնալով ՀԱԿ-ի «սիրո խոստովանությանը» ԲՀԿ-ին՝ Վահան Բաբայանը նշեց, որ «Ես շատ ծիծաղով եմ վերաբերվում սիրավեպեր խոսքերին: Այսօր դուք գիտեք, որ ԲՀԿ-ն եւ ԲՀԿ նախագահն ունի բացառիկ վարկանիշ: Վերջին հարցումները ցույց են տվել, որ պարոն Ծառուկյանը առաջին տեղով է գնում»: Իսկ Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ «Մեր երկրում մի օր կարող է վարկանիշը բարձր լինել, մի օր արթնանալ եւ այն լինի շատ ցածր, պարզվեն տարբեր տեղեկություններ»:
Կարդացեք նաև
Քաղաքագետների գնահատմամբ, ԲՀԿ-ն ձգձգում է իր որոշումը նախագահական ընտրությունների հետ կապված, իր գինն է բարձրացնում եւ այսօր ամենաինտրիգայինն է դաշտում: Այս առնչությամբ Վահան Բաբայանը պատասխանեց. «Նմանատիպ հայտարարություններին արձագանքում ենք այսպես՝ քաղաքական գործընթացում անպայման չի ամենաառաջինը հայտարարես քո ստրատեգիայի մասին: Իրավիճակային պրոբլեմները մեր երկրում շատ արագ են աճում: Կես միլիոն իրական ձայների պատասխանատվությամբ հանդերձ պետք է որոշում կայացնել: Դա երկու տարի առաջ հայտարարելով չի: Կարվի այն ժամանակ, երբ որ կլինի պահը: Համաձայն եմ, ստեղծվում է ինտրիգ, բայց դա դիտմամբ չենք արել, իրավիճակի թելադրանքն է»:
Նա նաեւ հայտարարեց. «ԲՀԿ-ն բոլոր տեղերում, որտեղ չունի թեկնածու, դաշտը ազատ է թողնում: Դա էլ է ժողովրդավարության դրսեւորում»: Հարցին, թե Գյումրի թիվ 35 ընտրատարածքի դեպքում Սամվել Բալասանյանի կողմից անհատակա՞ն դիրքորոշում էր պաշտպանելու ՀՀԿ թեկնածուին՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Այդ որոշումը կայացվել է 35-րդ ընտրատարածքային կառույցի կողմից: Դա ոչ թե կուսակցության որոշումն է, կուսակցությունը որոշել է, որ մենք ոչ մեկին չենք սատարում»: Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում Սամվել Բալասանյանի հայտարարությունը ի՞նչ էր՝ պարտքերի փոխհատուցո՞ւմ ՀՀԿ-ին, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն էլ նրան է սատարել՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:
Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ