ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել բավականին հետաքրքրական գրառմամբ: Այն, իհարկե, հերթական գրառումն է, որ անում է Վարդան Օսկանյանը, ով բավական ակտիվորեն օգտագործում է համացանցային սոցիալական տիրույթը, բայց դրանում առկա են բավականին ուշագրավ մեսիջներ` կապված նախագահի առաջիկա ընտրության և ԲՀԿ մասնակցության հետ:
Վարդան Օսկանյանը իր գրառման միջոցով անուղղակի ակնարկում է Գագիկ Ծառուկյանին, որ նա պետք է իր կուսակցական հեղինակությունն օգտագործի, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվի Վարդան Օսկանյանը: «Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման: Գագիկ Ծառուկյանը իրոք ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից», գրում է Վարդան Օսկանյանը:
Նա մի կողմից նշում է, որ կուսակցության, այսինքն` ԲՀԿ մարզային ու տարածքային կառույցները Ծառուկյանի թեկնածությունն են ուզում, մյուս կողմից` արձանագրում է, որ Ծառուկյանը անվիճելի հեղինակություն է կուսակցությունում, բայց երրորդ կողմից էլ խոսում է միասնական, քաղաքական դաշտը համախմբող թեկնածուի անհրաժեշտության մասին: Ահա այդ երրորդ կողմը Վարդան Օսկանյանը հիշատակում է ակնհայտորեն նկատի ունենալով իրեն, ընդ որում` նաև իր խոսքում նախապես արձանագրելով, որ Գագիկ Ծառուկյանը հակված է իր թեկնածությանը:
Ծառուկյանը չի կարող լինել համախմբող, քաղաքական դաշտի միասնական թեկնածու: Բանն այն է, որ ինչքան էլ նա փորձի ներկայանալ «ժողովրդական» կերպարի ու ֆոլկլորի մեջ, միևնույն է` Ծառուկյանը օլիգարխ է, իսկ օլիգարխը Հայաստանում չէր կարող այլ կերպ միլիարդատեր դառնալ, քան մեր թշվառ երկրի, այսինքն` հասարակության հաշվին: Այս տեսանկյունից, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն պարզապես ահռելի դժվարություն ու դժկամություն կունենան սատարելու Ծառուկյան թեկնածուին: Մի բան է, երբ նրանք հարաբերություններ են ունենում օլիգարխի առաջնորդած քաղաքական ուժի հետ, մեկ այլ բան, երբ արդեն ուղղակիորեն ստիպված են լինելու սատարել այդ օլիգարխին որպես նախագահի թեկնածու: Սա մի նոնսենս է, որը պարզապես հնարավոր չի լինելու թաքցնել հանրության աչքից ու մտքից, հնարավոր չի լինելու մարսել: Աներևակայելի է, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի ընտրությանը սատարի Գագիկ Ծառուկյանին: Նա կարող է Ծառուկյանին գովել հանրահավաքի հարթակից, բայց կա ամենայն հավանականությամբ մի սահման, որ Տեր-Պետրոսյանը չի կարող անցնել` թե՛ հանրային, թե՛ նաև ներքին արգելակներից ելնելով: Բանն այն չէ, որ Ծառուկյանի թեկնածությունը ահասարսուռ մի բան է: Թեկնածության բնույթը, մշակութաբանական խորքերը և քաղաքական ենթատեքստերը այլ խոսակցության նյութ են: Բայց երբ ժողովրդավարության համար պայքարող ուժը օլիգարխի կուսակցությունը դիտարկում է որպես օժանդակ գործոն` թեկուզ խիստ տեսականորեն և թեկուզ իրականության մեջ կաղացող տեսությամբ, մի բան է, ու լրիվ այլ բան, երբ այդ ուժն արդեն օլիգարխին է տեսնում նախագահի ապագա թեկնածու:
Կարդացեք նաև
Այլ է Վարդան Օսկանյանի պարագան: Նա, իհարկե, Գագիկ Ծառուկյանից պակաս «օդիոզ» չէ` խորքային, կերպարի ներքաղաքական էության մասով, բայց Վարդան Օսկանյանը բոլորովին այլ իմիջի և աուրայի մեջ է, հարաբերականորեն չեզոք, քաղաքակիրթ, որ կարողանում է հստակ շարադրել իր քաղաքական պատկերացումները, տեսակետները, մոտեցումները, որ եղել է արտգործնախարար, ներկայումս ունի քաղհալածյալի իմիջ կամ կարգավիճակ: Այդ ամենը, օրինակ, հենց նույն Տեր-Պետրոսյանի համար շատ ավելի դյուրին են դարձնում Օսկանյանին սատարելը: Առավել ևս, որ ՀԱԿ առաջնորդն, օրինակ, կարողացավ մայիսի 6-ին գնալ և համատեղ ասուլիս տալ Օսկանյանի հետ Ծառուկյանի փողերով պահված «միասնական շտաբում»: Այսինքն` այդ տեսանկյունից առաջին քայլն արված է, և կարելի է նույնիսկ համարել, որ Օսկանյանի թեկնածությունը ՀԱԿ-ում գրեթե պաշտպանված է: ՀՅԴ մասին երևի թե ավելորդ է խոսել: Վ. Օսկանյանը ՀՅԴ համար երևի թե պարգևի պես մի բան կլինի, քանի որ նրան սատարելը ՀՅԴ-ին կփրկի սեփական թեկնածուի գլխացավից, որն առավել ուժեղանալու էր ընտրությունից հետո իշխանության հետ հերթական գործարքին գնալու համար պետքական ֆորմալությունները և բացատրությունները հասարակությանը մատուցելու անհրաժեշտությունից:
Այդպիսով, Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանին դնում է կամ-կամի առաջ: Կա՛մ Ծառուկյանն առաջադրվում է և իր վրա է վերցնում, այսպես ասած, միասնական ճակատի տրոհման պատասխանատվությունը, քանի որ շատ քիչ հավանական է, որ օլիգարխը ստանա ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի սատարումը, կա՛մ ԲՀԿ-ն առաջադրում է Վարդան Օսկանյանին, ինչն, իհարկե, նշանակելու է, որ շքերթի հրամանատարն է դառնում Ռոբերտ Քոչարյանը, որը, փաստորեն, հասած կլինի իր ուզածին և դե ֆակտո կգլխավորի ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաև ամբողջ կամ գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը` այն ղեկավարելով նախագահական ընտրություններին ընդառաջ: Այսինքն` եկել է ԲՀԿ որոշում կայացնելու ժամանակը, և Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի միջոցով ավելացնում է ճնշումը Գագիկ Ծառուկյանի վրա, և Ծառուկյանին անհրաժեշտ կլինի ընտրել: Ընդ որում` նրա ընտրությունը կա՛մ իր համար է չարյաց փոքրագույնը լինելու, կա՛մ Քոչարյան-Օսկանյան տանդեմի:
«Ժամանակ»