Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 20-ի նիստում գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը միջնորդեցին նշանակել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն: Դատավոր Ս. Մարդանյանը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել, մինչեւ որ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար ի հայտ կգան էական հանգամանքներ, միջնորդությունում առաջադրված հարցերին դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:
Այնուհետեւ դատավորը հրապարակեց դատական փորձագետ, դատարան որպես վկա կանչված Վիգեն Ադամյանի դիմումը: Նա հայտնել էր, թե նոյեմբերի 14-ի դատական նիստի ընդմիջման ժամանակ տուժողի իրավահաջորդները եւ այլ անձինք ծաղրանքի են ենթարկել, սպառնալիքներ հղել իրեն, որ ինքը բարոյական խիստ ապրումներ է ունեցել: Նա հայտնել էր. «Գործի նախաքննության փուլում եւ դատարանի դահլիճում կրկին սպառիչ պատասխանել եմ բոլոր հարցերին եւ ներկայումս պնդում եմ իմ կողմից տրված եզրակացությունը եւ ցուցմունքները, խնդրում եմ Ձեզ գործի քննությունը շարունակել իմ բացակայությամբ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ես գտնում եմ, որ սպառիչ պատասխանել եմ բոլոր հարցերին եւ նաեւ իմ անվտանգությունից ելնելով»: Փորձագետը պատրաստակամություն էր հայտնել գրավոր պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, Վիգեն Ադամյանին անվանեց «կլյաուզնիկ», իսկ քույրը` Ծովինար Նազարյանը, հայտարարեց, որ փորձագետի ասածը բանսարկություն է, որ նրա հայտարարության համար իրենք պատրաստ են դիմել դատախազություն՝ սուտ մատնության համար քրեական գործ հարուցելու պահանջով: Տուժողի իրավահաջորդը նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց փորձագետի այն խոսքի վրա, որ նա պնդում է իր տված եզրակացությունը, մինչդեռ Ադամյանը դատարանում հայտարարել էր, որ դրա մեջ անճշտություններ կան:
Տուժողի իրավահաջորդ, իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ փորձագետը դատարանում պատասխանել է ընդամենը մեղադրական կողմի հարցերին եւ իրենց մի քանի հարցերին: Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները հայտարարեցին, որ վկան անհարգալից է վերաբերվել դատարանի հանդեպ՝ լքելով այն եւ միջնորդեցին դատարան բերման ենթարկել Վիգեն Ադամյանին: Պաշտպան Հ. Գեւորգյանը անդրադարձավ նոյեմբերի 14-ի նիստում փորձագետ Վ. Ադամյանի այն հայտարարությանը, թե իր կատարած փորձաքննական եզրակացությունից հատված պետք է անջատել եւ հայտարարեց.«Եթե նա ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, եզրակացությունը փոխել է, ակնհայտորեն շեղում է, պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի: Թե չէ դատախազը պատվիրեց՝ եկավ, դատախազը պատվիրեց՝ գնաց, դատարանը ուշադրություն չդարձրեց, օժանդակեց, դե հա շնորհակալ ենք, բա մենք տարիուկես էստեղ վեր ենք ընկել ինչի՞ համար, այս մարդուն (ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին-Ո. Ս.) եթե տանելու էիք դատեք այդ մեղադրական եզրակացությամբ, տարեք դատեք: Միջնորդությունները չեն ընդունվում , բոլոր միջնորդությունները տապալվում են, էն ինչ անում ենք մեղադրանքի ծավալը պարզաբանելու համար, տապալվում է, խնդրեմ տապալեք, էլ մենք գործ չունենք անելու այստեղ»:
Կարդացեք նաև
Դատավորն այդ միջնորդությունը բավարարեց մասնակիորեն. փորձագետ Վիգեն Ադամյանը կհրավիրվի նոյեմբերի 27-ին կայանալիք նիստին: Այնուհետեւ պաշտպաններ Հ. Գեւորգյանը եւ Ա. Ղասաբօղլյանը միջնորդեցին փաստաթղթաբանական փորձաքննության ենթարկել «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու, նրանց ռազմական ոստիկանությունում մեկուսացնելու վերաբերյալ գրությունները: Միջնորդությունում մասնավորապես նշված է, որ զորամասի հրամանների գիրքը սկսվել է 2010թ. հուլիսի 27-ին, որ հրամանների գրքում մեկուսացման եւ ռազմական ոստիկանության գրանցամատյանում գրառումների ամսաթվերը համընկնում են, սակայն նշված չեն կալանավորելու ժամերը եւ այլն: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ