Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային լրագրության ապագան հենց ներկան է. Կարծում է Սեդա Մուրադյանը

Նոյեմբեր 20,2012 22:02

«Հանրային լրագրությունը քաղաքացիական լրագրությունն է, այսինքն` ոչ պրոֆեսիոնալ լրագրություն: Այս դեպքում, մարդիկ, ովքեր լրագրողներ չեն, պատմում են իրենց տեսածի մասին, բարձրաձայնում են խնդիրներ, անդրադառնում իրենց համայնքում եղած պրոբլեմներին եւ հետեւում դրանց լուծմանը». այս մասին «Առավոտ երիտասարդականին» պատմեց Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր, Mynews.am կայքի հիմնադիր Սեդա Մուրադյանը: Նա ասաց, որ  հանրային լրագրություն կոչվածը դեռ նոր-նոր է զարգանում աշխարհում, իսկ Հայաստանում իրենք են իրականացնում առաջին քայլերը:

«Հանրային լրագրությունը համախմբում է հանրային թղթակցությունը մեկ հարթակում»,-նշեց Սեդա Մուրադյանը: Նա կարծում է`հանրային լրագրության մեջ ապագա չկա, քանի որ այն ապրում է ներկայով: Ինչպես ՀԼԱ-ի համահիմնադիրը բնորոշեց` ներկան հենց ապագան է. «Ապագա կա, սակայն այդ ապագան այսօր մենք բոլորս ենք կերտում, եւ մեր քայլերն ուղղված են նրան, որ ներկա եւ ապագա հանրային թղթակցությունը լինի ավելի պատասխանատու եւ վստահելի:»:
Սեդա Մուրադյանը մեզ պատմեց նաեւ, որ իրենք հաճախ են այցելում մարզեր: Այցելություններից տպավորված էլ ասում է` հանրային լրագրությամբ ավելի շատ հետաքրքված են Լոռիում, Գյումրիում եւ Գեղարքունիքի մարզում:
Mynews.am կայքի համակարգող, հանրային թղթակից Արթուր Հարությունյանը մասնագիտությամբ լրագրող է: Ասում է` շատ պատահական է հայտնվել Mynews կայքում: Իր խոսքով, հանրային լրագրողը, ի տարբերություն լրագրողի, կարող է անդրադառնալ այնպիսի թեմաների, որին չի անդրադառնա լրատվական կայքի լրագրողը: Արթուրը համոզված է, որ հանրային լրագրող լինելու համար շատ բան հարկավոր չէ, ընդամենը պետք է մտահոգ լինել եւ ունենալ ցանկություն` որեւէ բան փոխելու համար: Նրանք հաճախ ներկայացնում են խնդիրներ, որոնք վրիպում են լրագրողների ուշադրությունից:
«Հաճախ մենք բարձրաձայնված խնդիրները ուղարկում ենք պատասխանատուներին, կամ մարդկանց, ովքեր իրավասու են դրանք լուծելու համար»,- ասաց Արթուրը:
Վերջին խնդիրը, որին անդրադարձել է նա, եղել է օրեր առաջ. կիրակի օրը, անցնելով  Ա. Պուշկինի փողոցով, նկատել է` աղբը այնքան է լցված, որ մարդիկ իրենց աղբը եղածի կողքն են դնում: Այդ մասին, նա բարձրաձայնել է Mynews.am-ում եւ ակնկալում է, որ խնդիրը կլուծվի:

Արամ Արարատյան    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930