Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան` խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրամները:
Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի , իրեն պատասխանել են, որ կոդոգրամ ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել: Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է դրանք վերցնել «Արմենթելից», քանի որ, որպես վճարող, միայն ինքն իրավունք ունի կոդոգրամ պահանջելու: «Հետաքրքիր է այսքան ժամանակ մեր փողերով ո՞ւր են զանգել, ո՞ւմ հետ են խոսել, չի բացառվում, որ 40 հազար դոլարից 20 հազարը 1-2 տեղ զանգած լինեն», -իր կասկածներն հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը: Ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի` 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ` 2011 թվականին, 13,5 մլն` վերջին տաս ամսվա ընթացքում:
Նա նաև մեջբերեց իր հիմնարկի փորձը, երբ 100 հազար դրամն անցնում է , անմիջապես կոդոգրամ է պահանջում` հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է գումարն ավելացել, մինչդեռ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի պաշտոնյաներն աղքատ գյումրեցիների հաշվին ճոխ-ճոխ խոսել են: