Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը»` արվեստի պատերազմ է». Կոմանդոսը` Սեյրան Օհանյանի գրքի մասին

Նոյեմբեր 20,2012 21:29

Այսօր Պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի շնորհանդեսը:
Ինչպես հեղինակն ասաց` այս գիրքը մեր մասին է, քանի որ բոլորս մասնակցություն ենք ունեցել մեր բանակի կայացման մեջ: Օհանյանի խոսքով, ինքն իր գործունեության ընթացքում սիրում է օգտվել գրիչից: Կարծում է, որ դա շտաբային կարգապահության տեսակ է, եւ ամեն մի զինվորական պետք է իր ձեռքին գրիչ, մատիտ ունենա:
«2000թ. որդեգրել եմ այդ ուղղությունը: Բացի հրամաններից, ես գրում եմ նաեւ նման բաներ: Կարծում եմ այս գիրքը մեր անցած լավագույն տարիների վերարժեւորման արդյունք է: Մենք կարող ենք գալ այն եզրակացությանը, որ մեր երիտասարդ բանակի պատմության մեջ մի ամբողջ ժողովրդի ռազմական փորձն է, քանի որ եթե դրանք չլինեին, ապա չէր լինի նաեւ մեր հրամատարների եւ զինվորների այն հոյոկապ գործունեությունը, որն ունենք այսօր: Մենք մշատապես հաղթել ենք մեր միասնության շնորհիվ: Իմ աշխատանքի հիմքում էլ է ընկած կոլեկտիվ աշխատանքը»,- ասաց նախարար Օհանյանը:

Գրքում ժամանակագրական ընթացքով ներկայացվում են արցախյան ազատամարտի համառոտ պատմությունը եւ կանոնավոր բանակի ստեղծման ուղին: Ժողովածուի երկրորդ մասը, ուր զետեղված են ՀՀ նախագահի ելույթներ եւ հրամանագրեր, ՀՀ պաշտպանության նախարարների եւ մասնավորապես Սեյրան Օհանյանի ելույթներ, գիտական հոդվածներ եւ հատվածներ Զինված ուժերի անձնակազմի, պաշտպանության նախարարի ուղերձներից, հատվածներ հասարակայնության եւ լրագրողների հետ հանդիխպումների ընթացքում ունեցած զրույցներից, ընթերցողին ամփոփ պատկերացում են տալիս հայկական բանակի այսօրվա նվաճումների, վաղվա տեսլականի եւ այն խնդիրների մասին, որոնց լուծման վրա է բեւեռացված ՀՀ պշատպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարության ղեկավարության եւ զինված ուժերի հրամանատարության ուշադրությունը:
«Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գիրքը, նվիրված լինելով հայկական բանակի զարգացման այժմյան փուլին, առաջին հրատարակությունն է, ուր ներկայացված են նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի կազմի, բոլոր զորամիավորումների, զորատեսակների եւ այլ ստորաբաժանումների հրամանատարական կազմի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ զորատեսակների ստեղծման եւ կայացման գործում մեծ ավանդ ունեցած զինվորականների լուսանկարները: Գրքի ծավալները, բնականաբար, թույլ չեն տվել այստեղ զետեղելու նաեւ անցած երկու տասնամյակների ընթացքում արցախյան ազատամարտում եւ բանակաշինության ասպարեզում մեծ ավանդ ներդրած բոլոր զինվորականների լուսանկարները:
Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

«Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» ժողովածուի նախաբանը գրել է Զորի Բալայանը: Վերջինիս խոսքով` տարեգրությունը մեզ պետք է զենքի, հացի եւ օդի նման: Հիշում է, որ ամեն անգամ Լեռնային Ղարաբաղ գնալիս այցելում էր Սեյրան Օհանյանին: Նրա սեղանին տեսնում էր թղթեր, որոնց կողքով անտարբեր անցնել չէր կարողանում: Կարդում էր դրանք ու հասկանում` ներկայիս նախարարն ունի հիանալի գրիչ: «Ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարը, բացի իսկական զենքից, իր ձեռքին կրում է նաեւ մեկ այլ զենք` գրիչի տեսքով»,-նշեց Բալայանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ կարծում է` Սեյրան Օհանյանի գիրքը ստացված է ու այն մասնագիտորեն է գրված:
Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Առավոտ.am-ի հետ զրույցում կարեւորեց նման նախաձեռնությունը: Ասում է` ցանկացած հայ պետք է իմանա, թե ինչպես է կայացել բանակաշինությունը, եւ ում շնորհիվ է այն իրականացել: Կոմանդոսը կարծում է, որ բացի հաջողություններից պետք է նաեւ անհաջողությունների մասին էլ խոսել:
«Պետք է ասել նաեւ թերությունների մասին, քանի որ դրանք առկա են մեր օրերում»,- ասաց Տեր-Թադեւոսյանը:
«Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գիրքը, Կոմանդոսի բնորոշմամբ, արվեստի պատերազմ է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930