Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը իր տան քանդակներն անգամ պետբյուջեից է արել

Նոյեմբեր 20,2012 21:00

Այսօր Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբում Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ քննարկվում էին Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգային հարցերը: Ավագանու անդրանիկ նիստը տեղի է ունենալու ուղիղ երկու օրից ` ամիս 22-ին, սակայն մինչ այդ գյումրեցի մտավորականներն ու մասնագետները հավաքվել ,  իրենց դիտողություններն ու առաջարկություններն էին ներկայացնում` որոշելով, թե ո՞ր հարցերում պետք է փոփոխություններ մտցնել, ո՞ր կետերը հիմնավորել և այլն:

Ինչպես ներկայացրեց նորընտիր ավագանու անդամ  Լևոն Բարսեղյանը. «Հայոց պատմության մեջ առաջին անգամն է, որ  ավագանու նիստից առաջ քննարկվում է օրակարգը: Նիստից անմիջապես հետո ևս քննարկում ենք անցկացնելու, սա ավանդույթ ենք դարձնելու: Ես 10 օր առաջ քաղաքացիների ընդունելության օր էի հայտարարել `լսելու նրանց առաջարկությունները, խնդիրները, 12 հոգի եկան` ընդհուպ մինչև  մարդ ու կնկա վեճերով. կինը ասում էր, ամուսինը Ռուսաստան է գնացել ու հարցնում էր ի՞նչ պիտի լինի, կարո՞ղ է չգա, տունը ձեռքից վերցնեն:Բացատրեցի, որ դա ավագանու լիազորությունների մեջ չի մտնում, բայց, իհարկե, կային հարցեր, որոնք քննարկելը  ավագանու լիազորությունների մեջ են մտնում»:

Այս խորհրդակցության ընթացքում  հատ-հատ քննարկեցին օրակարգի 12 հարցերը, և երբ  հերթը հասավ 9-րդ կետին` «Գյումրի համայնքի սոցիալապես անապահով ընտանքիներին դրամական օգնություն տրամադրելուն »,  հետաքրքիր մի զրույց ծավալվեց Լևոն Բարսեղյանի  ու մասնակիցների միջև: Ցուցակում նշված էր, թե համայնքը Գյումրու որ բնակիչներին է պատրաստվում դրամական օգնություն տրամադրել: Մասնակիցներին անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ ցուցակագրված 22 հոգուց միայն մեկին` Ա. Ս.-ին են նախատեսել տրամադրել 100 հազար դրամ, իսկ մյուս 21-ին` 10 հազարական  դրամներ: «ժողովուրդ,  շատ մի դժգոհեք, դուք վերջին 5 տարին նման բան չեք տեսել, եթե հարցնեիր` ո՞ւմ են տրամադրել գումարները, ասում էին` տես  ավագանու հավելվածում, բայց այդ հավելվածը անհետ կորած էր, ոչ մի տեղ չէիր կարող գտնել: Մենք հիմա պետք է ճշտենք,  թե ցուցակում տեղ գտած  մարդիկ ինչպե՞ս են հանդիպել քաղաքապետին , պետք է տեսնենք քանի՞ հոգի են դիմում ներկայացրել դրամական օգնություն ստանալու, ո՞ւմ են ընտրել, ինչո՞ւ: Նաև կարելի է առաջարկել օգնության ստանդարտ չափորոշիչներ, ասենք` մարդը քիմիաթերապիա  է ստանում, դրա համար է օգնություն խնդրում, ուրեմն  էսքան գումար է հատկացվում, ուսանողի վարձավճարի դեպքում` էսքան, որպեսզի ավագանու անդամը իր «դաստեն» չհավաքի ու օգնություն ստանալու բերի: Մենք փորձ ունենք այսպիսի դեպքերի, օրինակ`  նախկին մարզպետ Լիդա Նանյանը քանդակագործներին տարել, իր տանը աշխատեցրել էր, հետո էլ  պետական միջոցներից  օգնություն էր գրել: Ալբերտ Վարդանյանին, որը իմ ենթադրությամբ քանդակագործ է, 1միլիոն 200 հազար դրամ օգնություն էր գրել: Այնպես պետք է անել, որ նույն մարդը մի քանի անգամ չստանա օգնություն, ներկայիս մարզպետն էլ` Ա. Գիզիրյանը,  օգնությունը միշտ ազատամարտիկներին է տվել, եթե մեկ ուրիշը գնար, կմերժեր»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նկատի ունենալով, որ  օգնությունների հրապարակայնությունն ապահովելու  դեպքում կավելանա մարդկանց հոսքը, պարոն  Բարսեղյանն   առաջարկեց այս նպատակի համար ֆոնդ սահմանել` ասելով, որ այսքան փող ունենք այդ նպատակի համար: Նա նաև առաջարկեց պահպանել էթիկան ու ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայն չընթերցել  օգնություն ստացողների անուն-ազգանունները` իհարկե դրանք  որպես փաստաթուղթ  ձեռքի տակ ունենալով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930