«Ինչո՞ւ չեք խոսում կալանավայրերում կոռուպցիայի մասին, որ ամեն ինչը փող է՝ լողանալը 1000 դրամ է»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այդ հարցը մնաց անպատասխան:
Aravot.amի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե նա տեղյա՞կ է, որ բանտերում լուրջ կոռուպցիոն երեւույթներ կան, որ լողանալը, լվացվելը փող է: Նա պատասխանեց. «Լողանալու, ծանրոցներ փոխանցելու, խցից խուց տեղափոխվելու, որոշակի ներքին հարաբերությունների մեջ մենք գիտենք, որ կան խտրական դրսեւորումներ եւ գիտենք, որ կան չկանոնակարգված, ադմինսիտրացիայի հայեցողությանը թողնված խնդիրներ: Եվ քանի որ այնտեղ կա սողանցք՝ անել այսպես կամ այնպես կամ ըստ ադմինիստրացիայի ցանկության, այդտեղ էլ ծնվում են բոլոր կոռուպցիոն երեւույթները»:
Ինչ վերաբերում է «խառոշիներին» եւ «զոն նայողներին» բանտերում արտոնություններ տալուն՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ «դրանց մասով նաեւ քրեական օրենքներ կան, եւ ադմինիստրացիան իր կոռուպցիոն օրենքները համադրում է նաեւ քրեական օրենքների հետ եւ այդ քրեական-կոռուպցիոն օրենքներով նոր մի կերպ տեղ է մնում մեր պետության օրենքներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև