«Սա հանրային թղթակցության հարթակ է, այստեղ պրոֆեսիոնալ լրագրողներ չեն աշխատում, աշխատակազմ չկա»,-այսօր «Օրենքկոտրուկ» մեդիախաղի եւ «Իմ լուրերը» կայքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց կայքի համահիմնադիր Սեդա Մուրադյանը:
Նրա պնդմամբ` կայքն այն մարդկանց համար է, ովքեր ականատես են եղել պատմությունների եւ կարող են նյութեր տեղադրել ամենատարբեր իրադարձությունների վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, որ հասարակության առավել ակտիվ խումբը ՝ երիտասարդները, շատ են օգտվում կայքից, նրանք ավելի ակտիվ են եւ կարեւոր չէ լրագրո՞ղ են, թե՞ ոչ. «Մենք 12 ամսում արել ենք 2 խաղ, 938 գրանցված օգտատեր, 1779 թղթակցություն, 917 ֆոտո, 571 նոտագրություն, 291 տեսապատմություն եւ 131 արտատպում: Mynews-ից արտատպվում են ամենօրյա պարբերականությամբ այլ լրատվամիջոցներում մեր հանրային թղթակցությունները: Նպատակն է հարթակ ստեղծել, որտեղ կարելի է գտնել վստահելի հանրային թղթակցություն: Հանրային թղթակիցները կատաղիորեն պայքարում են այդ վստահության համար»:
«Իմլուրերը» հանրային թղթակցության առաջին խաղաֆիկացված կայքն է Հայաստանում, որը գործարկվել է հունվարի 15-ին եւ դարձել ոչ պրոֆեսիոնալ լրագրողների համար սոցիալական, քաղաքական, բնապահպանական, մշակութային եւ այլ թեմաների լուսաբանման հարթակ:
«Օրենքկոտրուկը» հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ ստեղծված թվով 2-րդ խաղն է, այն նպատակ ունի կրթել հանրությանը` ամրապնդելով ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ գիտելիքները: Խաղի գործողությունները տեղի են ունենում գլխավոր խմբագրի աշխատասենյակում, որտեղ գտնվում են նաեւ փոխխմբագիրն ուավագ լրագրողը, ովքեր հարցազրույց են անցկացնում լրագրողի հետ:
Կարդացեք նաև
ՀԼԱ-ն մրցանակ հանձնեց կայքում ակտիվ գործունեություն ծավալած մարդկանց, հանրային թղթակիցներին, լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանին, բլոգեր եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին, հոկտեմբերին հայտարարված «Կանանց խնդիրները Հայաստանում» հանրային թղթակցության մրցույթի հաղթող ճանաչված հանրային թղթակից Նոնա Մուրադյանին եւ այլոց: Ներկայացվեցին նաեւ կազմակերպության պատրաստած սոցիալական մեդիային եւ լրագրությանը վերաբերող ուսուցողական 10 տեսահոլովակները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ