Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Ոսկանյան. «Մենք ապրում ենք մեր մեռելների հետ, որոնցից շատերը գերեզման չունեցան»

Նոյեմբեր 20,2012 18:36

Այսօր Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինայի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գիրքը գեղարվեստական ժանրում ներկայացնում է հայ ժողովրդի ցավն ու կորուստները` կապված Ցեղասպանության հետ:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ գիրքն առանձնահատուկ  է  թեմայով, ասելիքով եւ բովանդակությամբ. «Այն, ինչ պատմվում է գրքում, Հայոց ցեղասպանության ինքնատիպ արտացոլանքն է: Գիրքը բացառիկ գործ է եւ խոսում է այն ճշմարտության մասին, որ ցեղասպանություն է նաեւ մեր տարեգիրների ճակատագիրը: Այն կարծիքը, թե հայ գրողները տասնամյակներ շարունակ չեն կարողացել գրել այս թեմայի շուրջ, ունի արդարացում` ապրած ցավը: Միաժամանակ, վերջին տարիներին մի շարք օտարագիր հեղինակներ անդրադարձան Ցեղասպանությանը եւ հաջողված գեղարվեստական գրքեր գրեցին»: Անանյանը հավելեց, որ «Շշուկների մատյանը» նախկինում թարգմանվել է իտարելեն, իսպաներեն, այս տարի` եբրայերեն, իսկ 2013-ին կթարգմանվի ֆրանսերեն, շվեդերեն, գերմաներեն:

Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Պրունարիուն ասաց, որ «Շշուկների մատյանն» այնքան հետաքրքիր էր, որ կարդացել է մեկ շնչով. «Գիրքը լի է զգացմունքով եւ օգնում է հիշել պատմությունը: Հատկապես կարեւորում եմ այն փաստը, որ գրքում չկա ատելություն»:

Գրքի հեղինակ Վարուժան Ոսկանյանի խոսքով. «Հայ ժողովրդի հիշողությունն ապրում է ոչ թե անցյալում, այլ ներկայում: Մենք ապրում ենք մեր մեռելների հետ: Մինչ օրս մենք տուփերում պահում ենք նրանց լուսանկարները կամ հագուստները. նրանք, միեւնույնն է, մեզ հետ են, չնայած շատերը գերեզման չունեցան: Նրանք մեռան, որ մենք ապրենք: 1915թ-ին հայ ժողովուդրը կսվեց եւ այդպես մնաց մինչ օրս: Մենք միաժամանակ ապրում ենք երկու աշխարհում: Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի այդ աշխարհները միանան»:

Անդրադառնալով Ցեղասպանության խնդրին` պարոն Ոսկանյանը փաստեց, որ առկա է երեք դիրքորոշում` մոռանալ կատարվածը, ներել թուրքերին կամ վրեժ լուծել. «Եթե մոռանանք,  անձնասպանություն կգործենք: Վրեժ լուծելը շարունակական բնույթ կկրի, բացի այդ` քո ցավը չես կարող մեղմացնել ուրիշի ցավով: Իսկ ներողամիտ լինելու համար պետք է վստահ լինես, որ կատարվածը չի կրկնվի: Այսօր չկա մեկը, որ երաշխավորի դա: Հետեւաբար, մենք ուզում ենք, որ Ցեղասպանությունը ճանաչվի: Տարբեր երկրների խորհրդարաններից հնչեցրած հայտարարությունները բավարար չեն. միջազգային իրավունքը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930