Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանի քննադատությունը կառավարության ծրագրի վերաբերյալ

Նոյեմբեր 20,2012 17:46

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, 2013-17 թվականների կառավարության հնգամյա ծրագիրը լուրջ մարտահրավերներ ունի: «Ոչ մրցունակ տնտեսություն եւ ցածր դիմադրողականություն ունեցող տնտեսական կառուցվածք»,- այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության կազմակերպած քննարկման ժամանակ ծրագրի մարտահրավերներից առանձնացրեց պարոն Մինասյանը. «Առաջին հայացքից թվում է, թե կառավարությունն ընկալում է այդ մարտահրավերները, որովհետեւ կառավարության ծրագրի մեջ խոսք է գնում դիվերսիֆիկացիայի, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումների մասին, սակայն միայն առաջին հայացքից, որովհետեւ երբ խորանում ենք, տեսնում ենք, որ էական գործողություններ այս ուղղությամբ չեն կատարվում: Խոսվում է արդյունաբերական քաղաքականության մասին, բայց 2013 թվականի պետական բյուջեում ընդամենը 300 միլիոն դրամ է նախատեսված, այն էլ մի կառույցի ստեղծման վրա է հիմնականում ծախսվելու եւ 50 միլիոն դրամն է այդ ծրագրից ուղղված լինելու աջակցության ծրագրերին: Եթե կառավարությունը մտածում է, որ 300 միլիոն դրամով հնարավոր է Հայաստանի արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, առնվազն կամ միամիտ է, կամ մեզ է միամիտի տեղ դնում… Տնտեսության ոչ մրցունակ վիճակի հաղթահարման կառավարության այս պատկերացումը մակերեսային է»:

Հաջորդ մարտահրավերը, ըստ պարոն Մինասյանի, անարդարացի վարձատրության համակարգը, որը, ըստ նրա, չի համապատասխանում աշխատանքի որակին. «Եվ որ ամենավատն է գործազրկության հսկայական մի թիվ, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գործազուրկների թիվը 280.000-ից ավելի է: Հիմա կառավարությունը սա գիտակցում է, առաջին հայացքից թվում է` այո, բայց 5 տարվա ծրագրում 100.000 աշխատատեղ է նախատեսել»:

Հաջորդ մարտահրավերը, ըստ պատգամավորի, ժողովրդագրական վատ վիճակն է. «2013-ին սպասում ենք ծնելիության նվազում, մահացության աճ, եթե դրան էլ գումարենք միգրացիոն բացասական հոսքը, ունենում ենք վատթարագույն վիճակ»: Ըստ պարոն Մինասյանի, վտանգավոր չափերի են հասնում նաեւ Հայաստանի արտաքին պարտքի ծավալները. «2013-ին մեկ անձի հաշվով արտաքին պարտքը Հայաստանում կազմելու է 1400 դոլար: մարտահրավերները կան, կառավարության համարժեք ընկալումն ու վարքագիծը չենք տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930