Այսօր Հայաստանը լքում են հիմնականում վստահության բացակայության պատճառով: Այսօր նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ «Հենարան» ակումբում, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին` արդյոք Հայաստանից արտագաղթի պատճառը միայն տնտեսական գործոնն է: Մեր այն ճշտմանն էլ` իշխանությա՞ն հանդեպ անվստահության, սոցիոլոգն ասաց. «Հարցը վերաբերում է ոչ միայն իշխանության հանդեպ վստահության բացակայությանը, ընդհանրապես, իշխանությունը կապ չունի, հարցն այն է, որ մեզ մոտ ընդհանուր իրավիճակը` Ադրբեջանի հռետորիկան, մեր իշխանությունների ժամանակ առ ժամանակ թույլ տված լուրջ տնտեսական սխալները, երիտասարդական ընդհանուր պլանավորված ծրագրի բացակայությունը: Նույնիսկ տնտեսական պլանավորումը մարդիկ 4 տարով են կազմում: Նույնիսկ փոքր բիզնեսի տեսանկյունից մենք չենք կարողանում 4 տարուց ավելի կազմել»:
Ըստ պարոն Սարգսյանի, հասարակությունը կայունություն է ուզում, քանի որ անգամ չգիտի, եթե խորհրդարանում 4 տարի հետո որեւէ խմբակցություն փոխվի, դրանից երկրի վիճակն ինչպիսին կլինի, եւ արդյոք 4 տարի հետո, մարդը, որն այսօր աշխատաք ունի, վաղը չի՞ կորցնի այն:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ ասաց, որ ընտանիքի վարքագծի հետազոտության արդյունքներով, 2-3-րդ երեխա չունենալու պատճառը հարցվածների 44%-ը պատճառաբանել է, որ վստահություն չունեն տվյալ միջավայրի հանդեպ, որտեղ բնակվում են:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Հայրապետյանի, Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը ուրախալի չէ, իսկ պատճառները տարբեր են եւ կարիք կա մանրամասն հետազոտության, պարզելու` ինչո՞ւ են գնում, ո՞ր տարիքի եւ մասնագիտության անձինք են գնում, կամ ինչքա՞ն ժամանակով եւ արդյոք մտադրություն ունե՞ն վերադառնալու:
Գարիկ Հայրապետյանի խոսքերով`«Մենք ծերացող ազգ ենք, սա լուրջ ցուցանիշ է, որն ազդում է ժողովրդագրական կառուցվածքի վրա: ՄԱԿ-ի ժողովրդագրական գործակալության կանխատեսմամբ` մինչեւ 2050 թվականը Հայաստանում միջին տարիքը կհասնի 50 տարեկանի: Այսինքն` դա բավականին լուրջ մարտահրավեր է»:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքերով էլ`այսօր միգրանտների ոչ միայն քանակն է փոխվել, այլ նաեւ որակը: Եթե նախկինում միջին եւ ոչ բարձր որակավորում ունեցողներն էին մեկնում «Խոպան», այսօր ունենք կորուստ բարձր որակավորում ունեցող մասնագետների: Սոցիոլոգի դիտարկմամբ`այսօր Հայաստանից մեկնում են միջազգային կրթական ծրագրերով բարձր որակավորում ստացածները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն ընդհանուր առմամբ չի կարելի համարել բարենպաստ:
Պարոն Բաբաջանյանի ներկայացմամբ` բնական հավելաճի վրա ազդող որոշակի գործոնները` ծնունդները, մահացությունը, ամուսնությունների գործակիցները, չի կարելի համարել բավարար, ըստ վիճակագրական տվյալների, եթե 2008-ին ծնունդների որոշակի աճ եղավ, ապա վերջին 2 տարում որոշակի անկում է արձանագրվել:
Վ. Բաբաջանյանի խոսքերով, կառավարությունը ծնելիության աճի խթանման համար քայլեր, իհարկե, ձեռնարկում է, ծննդյան միանվագ նպաստները 3-րդ եւ հաջորդ երեխայի համար, ծննդօգնության հավաստագիրը, երիտասարդ ընտանիքներին մատչելի բանկարան ծրագիրը եւ այլն, սակայն, ըստ բանախոսի, ժողովրդագրական խնդիրները 1-2 տարում լուծվելիք բան չեն:
Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ էլ`այսօր շատ ընտանիքներ չեն ուզում նույնիսկ 2-3-րդ երեխան ունենալ, 3 երեխա ունեցողները մեր բնակչության 15%-ն են կազմում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ