Հայաստանում ներկայումս ապրում է 15 տարեկանից ցածր ՄԻԱՎ-ով հիվանդ 24 երեխա: Այս տարի մեր երկրում գրանցվել է 182 ՄԻԱՎ-ի դեպք, որից 117-ը հիվանդ է ՁԻԱՀ-ով: 1988-ից մինչ օրս այս հիվանդությունից Հայաստանում մահացել է 297 մարդ, որից 5-ը` երեխա: Այսօր Ծաղկաձորում կազմակերպված «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» եռօրյա դասընթացի ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ պարոն Հովհաննիսյանի, բացառությամբ 15-18 տարիքային խմբի, մնացած խմբերում ՄԻԱՎ վարակով գերակշռողը տղամարդիկ են: ՄԻԱՎ-ով վարակված 15-18 տարեկան կանանց վարակվելու հիմնական աղբյուրը խոպանչի ամուսիններն են:
Մասնագետի խոսքերով, կանանց մեծ մասը վարակվել է սեքսուալ ճանապարհով: Տղամարդկանց 41 տոկոսն է սեռական ճանապարհով ձեռք բերել այդ վարակը: Նրանց 50 տոկոսը թմրամիջոցների միջոցով է վարակվել:
Կարդացեք նաև
Վայոց ձորն ամենաքիչ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդ ունեցող մարզն է, ամենաշատ դեպքերը արձանագրվել են Շիրակում` 49 դեպք: Մայրաքաղաքում այսօրվա դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ-ի 46 դեպք: Մյուս մարզերի համեմատ, այս առումով առաջատար է նաեւ Լոռու մարզը:
Այս պահին, մեր երկրում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց թիվը 1335 մարդ է: Հաշվարկային թվերով`3500 մարդ: Գրանցված հիվանդները դրանք այն մարդիկ են, որոնք հետազոտվել են եւ ստացել են այդ հիվանդության հստակ դիագնոզ: Մեր երկրում մեծահասակների 0,17 տոկոսն է ՄԻԱՎ-ով հիվանդ: Այդ մարդիկ հիմնականում աշխատանքային միգրանտներ են:
Բժիշկ-համաճարակաբանի ներկայացմամբ, տարեցտարի ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց թիվն աճում է: Ամբողջ աշխարհում 2001-ից 2010 թվականը այս հիվանդությունը 34 միլիոն մարդով աճել է: Այդ ժամանակահատվածում 1, 8 միլիոն մարդ մահացել է:
Բժշկի խոսքերով, մեկ կաթիլ արյունից կարելի է վարակվել, եթե այդ մեկ կաթիլը արագ ներարկվի մարդու օրգանիզմ: Վիրուսն անցնում է նաեւ լորձաթաղանթի միջոցով, սակայն վիրուսի քանակը վարակելու համար պետք է բավարար քանակությամբ լինի: Թքով, քրտինքով, արցունքով վարակը չի փոխանցվում: Ըստ մասնագետի, սերմնահեղուկի մեջ այդ վիրուսի խտությունը բավականին բարձր է: Կրծքով կերակրելիս նույնպես ռիսկը բարձր է, որ մորից վարակը կանցնի երեխային, քանի որ շփումը լորձաթաղանթի հետ է: Հիմնականում վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան միջոցով եւ մորից երեխային:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ