Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանի ավագ դպրոցներն ու բուհերը կապահովվեն Wi-Fi ցանցով, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանն ասաց. «Դրա մեջ դրական բան եմ տեսնում: Դասի ժամանակ հաճախ հարկ է լինում որեւէ բան ճշտել ու կարող է ձեռքի տակ չլինեն սկզբնաղբյուրներ, բառարաններ, մինչդեռ համացանցում դրանք կան: Ես իմ առարկայի գծով եմ ասում, օրինակ, եթե պետք լինի, ուսանողները կմտնեն https://nayiri.com, որտեղ բառարաններ կան, կայցելեն www.eanc.net ( արեւելահայերենի ազգային կորպուս)՝ 110 մլն բառագործածությամբ: Սրա կողքին նաեւ վտանգ կա, ինչից խուսափելու համար հարկ է ապավինել ուսուցիչների զգոնությանը եւ աշակերտների գիտակցական վերաբերմունքին: Եթե այս երկուսը լինեն, շատ լավ կլինի: Ինձ էլ հաճախ դասի ժամանակ անհրաժեշտ է լինում շտապ մի բան ճշտել, եթե ինտերնետ լինի, հրաշալի կլինի, թե չէ մեկ- երկու օր հետո դա արդեն այն թարմությունն ու արդիականությունը չի ունենա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ