Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ձերբակալված հալեպահայ ռեժիսորը դեռեւս հարցաքննվում է

Նոյեմբեր 20,2012 16:48

Սիրիա -- Հալեպի կիսավեր փողոցներից մեկը, 23-ը հոկտեմբերի, 2012թ․

Սիրիայի պետանվտանգության գրասենյակի կողմից ձերբակալված հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն ու ազգությամբ ոչ հայ նրա ընկերները դեռեւս հարցաքննվում են: Նրանք անվտանգության ուժերի կողմից ձերբակալված են նոյեմբերի 7-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Ըստ նրա, առաջիկա օրերին կավարտվի հետաքննությունը, ինչից հետո արդեն պարզ կդառնա ռեժիսորի հետագա ճակատագիրը:

Ռեիսյանի տվյալներով, Պետանվտանգության ուժերի գրասենյակը հալեպահայ ռեժիսորին ու նրան երկու ընկերներին մեղադրում է ոչ արտոնագրված գործունեության համար: Ռեիսյանը նշում է, որ նրանք օժանդակում էին բարեգործական քրիստոնեական մի կազմակերպության:

«Այս դեպքերի ընթացքում բարեսիրական աշխատանքներ են տանում՝ այլ երկրներից դրամ էին հավաքում մարդկանց օգնելու համար։ Օրենքի խախտում ասելով՝ հավանաբար առանց արտոնության միջոցում են ձեռնարկել, միայն այսքանը», – մեկնաբանում է Ռեիսյանը։

Ինչպես հայկական համայնքը, այնպես էլ քրիստոնեական այդ կազմակերպությունը դիմել են արել Պետանվտանգության գրասենյակին՝ խնդրելով ազատ արձակել երիտասարդներին, սակայն մերժում են ստացել:

Ռեիսյանը  նաեւ փոխանցեց, որ լուր չունեն հոկտեմբերի 25-ին պատանդառված հայերի ճակատագրից: Բեյրութից Հալեպ ուղեւորվող ավտոբուսի ուղեւորներից 10-ը գերի էին վերցվել։ Նրանցից 7-ը ազգությամբ հայեր են: Մոտ երկու շաբաթ առաջ նրանցից երկուսը` հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթները, ազատ են արձակվել դեռեւս երկու շաբաթ առաջ: Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների` Սիրիական բանակը բանակցություններ է վարում ընդդիմության հետ` պատանդառված քաղաքացիներին հետ վերադարձնելու ուղղությամբ:

Հալեպում, ինչպես նշում է Ռեիսյանը, վերջին օրերին համեմատաբար խաղաղ վիճակ է, թեեւ ամեն օր էլ կան կրակոցներ ու պայթյուններ, իսկ երեկ դիպուկահարի կրակոցից հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վիրավորվել է ազգությամբ հայ մի կին, ով հիմա գտնվում է հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հալեպում թաղամասեր կան, որ քարուքանդ են. վնասված են նաեւ հայկական համայնքին պատկանող շատ կառույցներ, որոնց վնասի ծավալները դեռեւս ճշտվում են: Լուծման կարիք ունեն տնտեսական հարցերը: Շատ հալեպահայեր չեն աշխատում, ինչի հետեւանքով դժվարություններ ունեն սննդի ձեռքբերման հարցում: Ռեիսյանը նշում է, որ վերջին օրերին առավել լարված է վիճակը Քեսապ քաղաքի շրջակայքում, որտեղ եւս հայեր են բնակվում:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Նաիրա Բուլղադարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930