Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի եւ Աբգար Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից հնատիպ գրքեր գողանալու (1800-1900թթ.) համար:
Նշվում է պետությանը հասցված վնասի չափը՝ 7 մլն 500 հազար դրամ: Այսօր մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Աշոտ Նադոյանը: Նա միջնորդեց Վաժա Ազիարաշվիլուն դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 3/4-ի բռնագրավմամբ, Երվանդ Ղամբարյանին եւ ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանին 6 տարվա ազատազրկման՝ գույքի 2/3 –ի բռնագրավմամբ, Վաժայի վարորդ Կարեն Հովհաննիսյանին՝ 5 տարի ազատազրկման՝ առանց անձնական գույքի բռնագրավման, խմբի անդամ Վարդան Եղիազարյանի համար մեղադրողը պահանջեց առանց գույքի բռնագրավման 4,5 տարվա ազատազրկում, Դավիթ Ղամբարյանի համար՝ 5,5 տարվա ազատազրկման, իսկ Աբգար Հովսեփյանի նկատմամբ՝ 2 ամսով կալանք:
Հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում վրացի Վաժան նկարագրել էր մեր գրադարանների ողբերգական վիճակը, ասելով, որ ինքը «բուժել» է, վերականգնել մեր հնատիպ գրքերը սնկային հիվանդություններից եւ որ Հասմիկ Դուրգարյանին պետք էր հերոսի կոչում տալ այդ գրքերը կյանքի կոչելու համար:
Պաշտպանական կողմը դեռ հանդես չի եկել պաշտպանական ճառերով:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ