Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ն է պրոպագանդիստական տրյուկ անում»

Նոյեմբեր 20,2012 16:39

Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը, օգտագործելով Սահմանադրության 77-րդ հոդվածը, կարողացել է հրավիրել արտահերթ նիստ շատ կոնկրետ՝ ընտրական համակարգի վերափոխման օրակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը 48 պատգամավորի ստորագրություն էր հավաքել՝ հնարավոր դարձնելով արտահերթ նիստ հրավիրելը: Համաձայն Սահմանադրության՝ նվազագույն անհրաժեշտ քանակը 44 պատգամավորի ստորագրությունն էր: Զուրաբյանը նշեց, որ այսպիսով լրջագույն համախմբում է կայացել 4 խմբակցությունների միջև՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»:

ՀԱԿ համակարգողն ուրախալի է համարել նաև այն փաստը, որ հարցի շուրջ գոյություն ունի հասարակական համախմբում, և այդ առնչությամբ տարածած հայտարարության տակ ստորագրել են մի քանի հ/կ-ներ՝ «Իրավունքի եվրոպական միություն» հ/կ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն: Բանախոսն արձանագրեց, որ տվյալ պահին կա հստակ ձևավորված պահանջ, որին աջակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, նույնիսկ միջազգային կազմակերպությունները. «Միայն ՀՀԿ-ն է, որ բոլոր ուժերով ընդդիմանում է այս վերափոխմանը»:

Զուրաբյանն ասաց, որ Կոնգրեսն արձագանքում է վերոհիշյալ հ/կ-ների կոչերին, և նիստը կայանալու դեպքում քաղաքական ուժը պատրաստ է կազմակերպությունների բոլոր առաջարկություններն ընդգրկել փաստաթղթի մեջ: Մասնավորապես, խոսքը գնում է բողոքարկման մեխանիզմների բարեփոխման մասին:

ՀՀԿ-ի կողմից այս քայլը «պրոպագանդիստական տրյուկ» որակվելը Զուրաբյանն այսպես է մեկնաբանում. «Ես ուզում եմ այդ հարգարժաններին հարցնել՝ լավ, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն զբաղված են տրյուկով, իսկ ԵԱՀԿ-ն ու ԵԽԽՎ-ն, հասարակական կազմակերպությունները նույնպե՞ս զբաղված են պրոպագանդիստական տրյուկով: Սա անհեթեթություն է, և դա արվում է այս պահանջից խուսափելու համար: Դա վկայում է, որ ՀՀԿ-ն է պրոպագանդիստական տրյուկ անում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930