«Մենք ունենք կառավարության և ԱԺ աշխատակազմի եզրակացությունները, որտեղ որոշակի առարկություններ կան ընտրական բարեփոխումների մասին մեր առաջարկած փաթեթին: Ամենակարևորը երկու առարկություններն են, թե մեր ներկայացրած առաջարկներում զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկված ցուցակները հրապարակելու պահանջը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Առաջարկություն եմ անում ՀՀԿ-ին` եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,- այսօր մամուլի ասուլիսում խոսելով վաղը կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին, հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում է ՀԱԿ-ի նախաձեռնած փաթեթը՝ ընտրական օրենսդրության բարեփոխումները:
Զուրաբյանը հեգնեց, որ Սահմանադրությունը խախտող ՀՀԿ-ականներն իրենք են խոսում հակասահմանադրականության մասին: Նա նշեց, որ Սահմանադրության 77-րդ հոդվածը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/3-ին հրավիրել արտահերթ նիստ` իրենց կողմից սահմանված օրակարգով և ժամկետներում: Դա, Զուրաբյանի խոսքով, սահմանադրական իրավունք է տալիս նախաձեռնել որևէ հարցի քննարկում, անգամ եթե մեծամասնությունը դա չի ընդունում: «Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն, կառչելով քվորումի բացակայությունից` տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է Սահմանադրության 77-րդ հոդվածը»,- կարծիք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ