Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի փոխի որոշումը

Նոյեմբեր 20,2012 16:13

ՖՈՏՈԼՈՒՐ

Երեկ մի շարք ՀԿ-ներ, այդ թվում «Իրավունքի Եվրոպա» միությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն են տարածել՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Հայտարարության մեջ ՀԿ-ները կոչ են անում ՀՀԿ-ին «չբոյկոտել» վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստն ու նշում. «Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, ողջունում ենք ՀՀ ընտրական օրենսգրքում և առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները: Այս կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չբոյկոտել սույն թվականի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը և մինչև գալիք նախագահական ընտրությունները հնարավոր դարձնել ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական փոքրամասնության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին համահունչ փոփոխությունների կատարումը, ինչի արդյունքում էապես կշտկվեն ընտրական օրենսդրության հիմնական թերությունները»:

Արդյոք այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է ՀՀԿ-ն փոխի իր մտադրությունը և հաշվի առնելով հասարակական պահանջը՝ վաղը մասնակցի ԱԺ արտահերթ նիստին: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց. «Կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է և չի փոխել իր մտադրությունը, ոչ թե նրա համար, որ ՀԿ-ներն են հայտարարություն արել, այլ պարզապես մենք որևէ իմաստ չենք տեսնում, քանի որ հիմա ժամանակավրեպ է այդ քննարկումը: Մեկ-երկու քննարկմամբ այդ հարցը չի լուծվի, բոլոր ուժերն են դա փաստում: Այդ հարցը պահանջում է լուրջ, խորքային քննարկումներ: Իսկ քանի որ մենք ունենք ընդամենը մեկ քառօրյա, և ժամանակ չունենք, բոլորս մեր ուժերը պետք է լարենք ու պատրաստվենք նախագահական ընտրություններին»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀԿ-ների դաշտը բավականին ընդգրկուն է, ուստի ՀՀԿ-ն չի՞ վախենում նրանց հիասթափեցնելով նախագահական ընտրություններին ձայների լուրջ զանգված կորցնել: Կ. Աճեմյանն արձագանքեց. «Հասարակության մեջ այդ քննարկումների պահանջը չեմ տեսել: Եթե ընտրություններից հետո նորից այդ պահանջները մեր կոլեգաները և քաղաքական ուժերը ներկայացնեն, ես կհամարեմ, որ դա իրենց էլ պետք է, այդ պահանջը իրոք կա: Սակայն չեմ կարծում, որ ընտրություններից հետո որևէ մեկն այդ հարցին անդրադառնա: Սա քաղաքական ինչ-որ մի ձևաչափ է, որով ուժերը ինչ-որ գաղափարների շուրջ փորձեցին համախմբվել: Չեմ կարծում, որ սա իրականում հասարակության պահանջն է: Եթե մարզերում բնակիչների հետ խոսեք, կտեսնեք, որ մեծամասնությունը իրենց մեծամասնականով ընտրված պատգամավորից գոհ է և նրա հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930