Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում հայտարարվեց նոյեմբերի 21-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հայ կոմպոզիտորական արվեստի՝ «Չուխաջյան ֆեստ» փառատոնի մեկնարկի մասին:«Չուխաջյան ֆեստ»-ը նվիրվում է Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյա եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյա հոբելյաններին:
2010թ.-ից անցկացվող այս միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը:
Ասուլիսին ներկա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը Aravot.am-ի հարցին, թե ինչու է օպերային թատրոնի խաղացանկում բացակայում ժողովրդականություն վայելող Չուխաջյանի «Կարինե» օպերետը, նախ նշեց, որ օպերային թատրոնի խաղացանկում է կոմպոզիտորի «Արշակ Երկրորդ» օպերան, հետո էլ պատասխանեց. «Մենք հայտ ենք ներկայացրել նախարարություն իսկապես ժողովրդականություն վայելող «Կարինեն» բեմ բարձրացնելու նպատակով: Հուսով եմ՝ ամենամոտ ապագայում հանդիսատեսը կհանդիպի իր սիրած օպերետին: Իսկ «Չուխաջյան ֆեստ»-ի հենց բացման համերգին կհնչեն հատվածներ օպերետից՝ թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանի, Պերճ Քարազյանի, Միքայել Հովակիմյանի կատարմամբ: Կներկայացնենք նաեւ «Արշակ Երկրորդ» օպերայից հատվածներ՝ մեներգիչներ Ալինա Փահլեւանյանի, Աննա Այվազյանի, Գեւորգ Հակոբյանի, Ռուբեն Նուրիջանյանի, Միքայել Հովակիմյանի մեկնաբանմամբ, մասնակցությամբ թատրոնի երգչախմբի եւ նվագախմբի»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ