Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ թիվ 35 ընտրատարածքում տեղի ունենալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին: ՀՀԿ-ԲՀԿ ընթացող մերձեցման ֆոնին ԲՀԿ տեղական կառույցի այս որոշումն առնվազն տարօրինակ էր, քանի որ ՀԱԿ-ը այդ ընտրատարածքում նույնպես թեկնածու ունի:
Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակը այս իրավիճակը պարզաբանել էր կուսակցության տեղական կառույցի որոշմամբ, որը, ըստ նրա, առաջնորդվել էր բացառապես լոկալ խնդիրների եւ դրանք լուծելու համար առավել ունակ թեկնածուի ընտրությամբ:
Կարդացեք նաև
Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ-ի այդ կեցվածքին, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք մամուլից տեղեկացել են ԲՀԿ-ի բացատրություններին, որ դա բացառապես տեղական կառույցի որոշումն է: Պարոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի տեղական կառույցից իրենք տեղեկություն ունեն, որ տվյալ տարածաշրջանում ԲՀԿ-ն 3 կառույց ունի եւ միայն մեկն է նման որոշում կայացրել:
Արձագանքելով լրագրողների մտահոգությանը, պարոն Զուրաբյանը համաձայնեց, որ ԲՀԿ տեղական կառույցի որոշումը չի նպաստում վերջին շրջանում երկու քաղաքական ուժերի միջեւ գոյություն ունեցող համագործակցության մթնոլորտին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ