«2011 թվականի տվյալներով, գրեթե բացարձակ միակողմանի թուրքական ապրանքների եւ ծառայությունների մուտքը հայկական շուկա հասել է 243 մլն դոլարի՝ սա այն դեպքում, երբ կառավարության որոշման համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելվել է Թուրքիայից սնունդ եւ դեղորայք ներկրել»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նա նաեւ հավելեց, որ հայկական եւ թուրքական գործարար շրջանակները առնչվում են բիզնեսի էթիկայի եւ ավանդույթի չգրված օրենքներով, քանի որ պաշտոնապես Թուրքիայից հնարավոր չէ ապրանք ներմուծել Հայաստան փակ սահմանների պատճառով:
Պարոն Ղազարյանի կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա գործարար հարաբերությունների բարելավման գործում պետք է հաշվի առնել երկու կարեւոր մոտեցում՝ նախ բացահայտել բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են թուրքական կառավարությանը ընդունել ճիշտ քաղաքական կեցվածք եւ աշխուժացնել կապերը բիզնեսի կոնկրետ ոլորտներում:
«Մենք բավական լուրջ գործընկերներ ունենք Թուրքիայում՝ մի քանի հասարակական եւ կիսապետական կառույցներ, որոնց հետ միասին մշակում ենք առաջարկությունների փաթեթ՝ հույս ունենալով, որ թեկուզ փակ սահմանների պայմաններում Թուրքիայից ապրանք կարտահանվի Հայաստան «77 am» հայկական կոդով»,- ասում է պարոն Ղազարյանը եւ հավելում, որ Հայաստանն իր հերթին Թուրքիա կկարողանա արտահանել մեկ տասնյակից ավել այն ապրանքատեսակները, որոնք այժմ արտահանվում են եվրոպական երկրներ, ԱՄՆ եւ ԱՊՀ երկրներ:
Կարդացեք նաև
Նա նաեւ ընդգծեց, որ հայ-թուրքական գործարար հարաբերությունների մերձեցումը թուրքական կողմից հատկապես կենսական նշանակություն ունի Թուրքիայի Արեւելյան Անատոլիայի եւ Հայաստանի պատմական շրջանների գործարարների համար:
Հիշեցնենք, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը» ծրագիրը կազմակերպվել է ԱՄՆ-ի USAID ծրագրի կողմից՝ Եվրասիա հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության ու Մարդկային զարգացման կենտրոնի մասնակցությամբ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ