Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան . «Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է կատարում ինչ-որ անձանց կաշին փրկելու համար»

Նոյեմբեր 20,2012 14:46

Արտակ Նազարյանի մահվան գործով նոյեմբերի 20-ի նիստում դատավարության կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից նախորդ նիստում ներկայացված միջնորդության վերաբերյալ:

Շուշանյանը միջնորդել էր ապօրինի ապացույց համարել 14 անձանց հարցաքննությունների, ցուցմունքների, առերեսման արձանագրությունները, քանզի նրանք ռազմական ոստիկանություն էին տարվել կառավարության որոշմամբ ընդունված «Զինվորական կանոնագրքի» հիմքով, մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով անձը կարող է ազատությունից զրկվել միայն օրենքի համաձայն:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միացավ Շուշանյանի միջնորդությանը, նաեւ հայտարարեց, որ զինվորները նույն կարգապահական խախտման համար ըստ օրենքի չէին կարող երկու անգամ պատժի ենթարկվել: Միջնորդությանը միացավ նաեւ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը:

Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, թե զինվորների մեկուսացումը եւ հարցաքննությունը կատարվել է օրենքի շրջանակներում, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է կատարվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հակադարձեց, թե պաշտպանության նախարարությունն այդ ծառայողական քննությունն ինչո՞ւ 2010 թվականին չի կատարել, որ դա հիմա արվում է ինչ-որ անձանց կաշին փրկելու համար:

Դատավոր Սամվել Մարդանյանը վճռեց փաստաբան Շուշանյանի միջնորդության հարցի լուծումը հետաձգել, դրան անդադառնալ խորհրդակցական սենյակում, դատական վերջնական ակտ կայացնելիս:

Այնուհետեւ Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբողլյանը միջնորդեց նշանակել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն: Նա իր միջնորդությունը հիմնավորեց այն փաստարկով, որ Ա. Նազարյանի հետմահու դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության մեջ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մասում որեւէ գիտական մեթոդիկայի մասին նշում չկա:

Նազարյանը մահից մեկ-մեկուկես ժամ առաջ եղել է միջին խմածության վիճակում, դա ապացուցվում է նրա արյան եւ մեզի մեջ եղած էթիլ սպիրտի քանակով, որ միջին աստիճանի խմածության վիճակում գտնված մարդու հոգեկան ախտորոշելու գիտական մեթոդիկա չկա, որ կատարված փորձաքննության մեջ չի գնահատվել եւ հետազոտվել այն փաստը,որ մահից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանը մարմնական վնասվածքներ է ստացել:

Միջնորդության քննարկումը կկայանա ընդմիջումից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930