Լրահոս
Օրվա լրահոսը

Տխրության եւ ոչ մի ակնարկ

Նոյեմբեր 20,2012 13:43

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Աշունն այս տարի բացառիկ է՝ լուսավոր ու հեզ, ինքնամատույց լինելու չափ անկեղծ։ Պատշգամբից գրեթե տուն մտած թխկին ամեն օր այդ մասին է հիշեցնում ինձ։ Նա այդտեղ է տարվա բոլոր եղանակներին, բայց հիմա՝ աշնան արեւի մեջ շիկնող ու աննահանջ մերկացող նրա ներկայությունը պարտադրող է, հարգարժան։ Լուսամուտիս տակ դեղին-կարմիր տերեւների գորգ է՝ մթնող քաղաքի երեկոյան լույսերի մեջ խենթացնող, կյանքի աղմուկին այդքան մոտ ու այդքան հեռու։

Ի՜նչ լավ է, որ այս բակով հավաքարարներ չեն անցնում ու ամեն երեկո, հատկապես զուսպ անձրեւից հետո, վայելում եմ պատշգամբից տունս մտած աշունը՝ հողի, օդի ու ջրի հոտով։ Տխրության եւ ոչ մի ակնարկ՝ «կյանքը հիասքանչ է», բղավում է աշունը, «կյանքը հիասքանչ է»՝ հաստատում եմ ես ու որոշում օրս նվիրել աշնանային Երեւանին՝ առանց քաղաքականության, առանց հարցազրույցի, առանց ֆեյսբուքի եւ նույնիսկ միասնական թեկնածուի մասին անպտուղ տագնապի։

Ժամը տասն է, սուրճ եմ վերցնում, հյուրանոց հիշեցնող նախաճաշ ու տեղավորվում սրճարանի բացօթյա հատվածում։

Հյուսիսային պողոտան դեռ չի արթնացել. հարուստները երկար են քնում, իսկ եվրոպացի հատուկենտ զբոսաշրջիկները՝ գուցեեւ ինչ-որ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներ, առավոտվա մերկության մեջ փորձում են ընկալել պողոտայի ագրեսիվ հորինվածքն ու հաստատ զարմանալ մայրաքաղաքի այդ պահի դատարկության վրա։ Նրանք զարմանալու մի բան էլ ունեն՝ պողոտայի երկայնքով տեղավորված շքեղ ու ժամանակակից խանութ-սրճարանների ճնշող մեծամասնությունը հայերեն ցուցանակ չունի։ Պողոտայի կենսագրությունը նրանց անհայտ է, այն ընդամենը արձակուրդի մի գեղեցիկ պատառիկ է, սոսկ տեսողական բացիկ։ Տխրության եւ ոչ մի ակնարկ։

Մեղմ անձրեւը կատարյալ է դարձնում աշունն ու հողի, օդի ու ջրի արթուն հոտը պարտադրում գեղեցիկ բաներ մտածել, մոտավորապես «կյանքը հիասքանչ է» խորագրի ներքո։

«Կմրսես, ներս գնա», լսում եմ ինձ ուղղված ծանոթ ձայնն ու հայացքս բարձրացնում սեղանները մաքրող անորոշ տարիքի հավաքարարի ուղղությամբ։ «Չէ, ուզում եմ դրսում լինել», պատասխանում եմ ես՝ փորձելով հասկանալ, թե որտեցից է ծանոթ։ Անմիջապես էլ հիշում եմ, գերադասելով ցույց չտալ, բայց արդեն ուշ է, գրեթե անհնար։ Լռությունը նա է փրկում։ Տարիներ առաջ Գրողների միության «Մուտք» մատենաշարով նրա պատմվածքների ժողովածուն էր լույս տեսել, ու դեռ ես էլ՝ հայ արձակում խոստումնալից մուտքի համար «Հակոբ Կարապենց» կրթաթոշակ էի հատկացրել։ Նա դարձյալ փրկում է վիճակը, շարունակելով՝ «երեխեքիս պիտի պահեմ, հերը բանի պետք չէր»։ «Քեզ հավանում էի», փորձում եմ ոչինչ չի պատահել տոնայնությամբ շարունակել զրույցը, ու նա գրեթե մխիթարում է ինձ՝ «վատ չի, գոնե ապրում ենք»։ Քիչ հետո սրճարանի խոհանոցից վերադառնում է՝ ձեռքին պատմվածքների մի բարակ գրքույկ ու մեկնում ինձ. «ընկերներս են օգնել, որ տպագրվի»։ Ամեն ինչ կարգին է, ժպիտով համբուրում եմ նրան ու միմյանց խնայելով բաժանվում ենք։ Տխրության եւ ոչ մի ակնարկ։

Շարունակում եմ սուրճս, շարունակվում է նաեւ մեղմ անձրեւը՝ կատարյալ դարձնելով աշունը, իսկ հողի, օդի ու ջրի արթուն հոտը պարտադրում գեղեցիկ բաներ մտածել, մոտավորապես «կյանքը հիասքանչ է» խորագրի ներքո։

Պողոտան կամաց-կամաց արթնանում է. հարուստների երեխաներին զբոսանքի հանած դայակներ են հայտնվում, դասից փախած գյուղացի ուսանողներ, վաղուց թոշակի անցած, բայց շուտ արթնանալն արդեն վարժություն դարձրած ինտելիգենտ, հին երեւանցիներ, պողոտայի խանութներում ու ռեստորաններում աշխատող երկարաոտ ու երկարամազ, մոդելատիպ աղջիկներ ու էլի հատուկենտ զբոսաշրջիկներ։

Կամաց-կամաց աշխուժանում է նաեւ պողոտայի միակ ու մեծ՝ սփյուռքահայերին ու տեղացի հարուստներին ուղղված պարենային խանութը։ Խանութի մուտքին աչքիս է ընկնում զինվորականի հագուստով միջին տարիքի մուրացկանը՝ թանձր, հաստ օպտիկական ակնոցով, հենակին թիկնած։ Մուրացկանները վաղուց են մեր քաղաքի անբաժանելի մասը դարձել, չեմ զարմանում, անգամ անհանգստանում, բայց զզվելու չափ նյարդայնանում եմ, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ շահարկում է զինվորական հագուստը։

Անցորդներն անտարբեր են ինձ պես, մուրացկանների սովոր։ Բավական անց տուփում հայտնվում է առաջին ողորմությունը, ու գրեթե երեք րոպե է ձգվում, մինչ մուրացկանը մի կերպ հավաքում է անդամալույծ ոտքն ու հենակին կռթնած, ստվարաթղթե տուփից հանում ողորմությունը։ Եվս տասը րոպե եւ ինքն իրեն քարշ տալով դուրս է գալիս խանութից ու գերագույն լարումով բացում հենց նոր գնած ծխախոտի տուփը։ Ծխախոտատուփի ցելոֆանը պոկվում է դողացող ձեռքից ու եւս մի քանի րոպե, որ այն կարողանա նորից նետել աղբամանի մեջ։

Սուրալով նրա կողքով անցնում է անդեմ մի երիտասարդ (սրանցից հատկապես կենտրոնում լիքն են)՝ ճմռթելով գետին է նետում ծխախոտի տուփն ու իրեն գցում խանութի մուտքին իրեն սպասող ջիպը։

Այս ամենին հետեւում եմ հեռվից, մեղմ ու լուսավոր անձրեւի տակ սուրճ խմելով։ Անձրեւը շարունակում է գալ՝ կատարյալ դարձնելով աշունը, պարտադրելով գեղեցիկ բաներ մտածել, մոտավորապես «կյանքը հիասքանչ է» խորագրի ներքո՝ առանց քաղաքականության, առանց հարցազրույցի, առանց ֆեյսբուքի ու նույնիսկ միասնական թեկնածուի մասին անպտուղ տագնապի։

Իսկ խորհրդարանում նիստ է, ու իմ ընկեր Արծվիկ Մինասյանը այս էլ վեց տարի պայքարում է, որ նվազագույն աշխատավարձը գոնե 54 000 դրամ դառնա։

35 000- ով էլ կարելի է ապրել, պատասխանում են երկրի տերերը, որոնք տարվա բոլոր օրերին ապրում են «կյանքը հիասքանչ է» խորագրի ներքո՝ առանց տագնապի, առանց միասնական թեկնածուի մասին անպտուղ հույզերի։ Տխրության եւ ոչ մի ակնարկ…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930